Ադրբեջանցիները Որոտանում պարսկական բեռնատար մեքենաներից 50 000 դրամի համարժեք գումար են պահանջում, որպեսզի թույլ տան անցնել ճանապարհը

Ադրբեջանցի սահմանապահ ոստիկանները, Որոտանում դրված իրենց անցակետում, պարսկական բեռնատար մեքենաներից 50 000 դրամի համարժեք գումար են պահանջում, որպեսզի թույլ տան անցնել ճանապարհը: Այս տեղեկությունը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի կինը` Էլիզաբեթ Պետրոսյանը:

Ավելի ուշ ՀՀ ԱԱԾ-ն էլ հաղորդագրություն էր տարածել, որ այսօր ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:

Սոցցանցերում տարածվում է նաև ադրբեջանցի սահմանապահ ոստիկանների տրամադրած մաքսային կտրոնի լուսանկարը։