Գորիսի ՔՊ-ական քաղաքապետի թեկնածուին Փաշինյանը ժամանակին պաշտոնաթող էր արել. «Հրապարակ»

Հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթևխոշորացված համայնքներում առաջին անգամ համամասնական ընտրակարգով կկայանան ավագանու անդամների ընտրություններ։ Հատկապես թեժ ընտրապայքար է սպասվում Գորիսում։ Այնտեղ ՔՊԿ-ի ցուցակը գլխավորելու է 46-ամյա Վլադիմիր Աբունցը։ Նա Մեղրիի մաքսային կետ-բաժնի նախկին պետն է եղել՝ 2019 թվականի մարտի 8-ից, հիմա չի աշխատում, ժամանակին բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել ՀՀԿ-ականների հետ։ ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի մտերիմն է, Խաչատրյանի շնորհիվ է ՔՊ-ում նրա թեկնածությունը հաստատվել։ Այս մասին գրում է hraparak.am-ը։

Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ցանկացել է իր տեղակալ Կարո Ավանեսյանին առաջ հրել, սակայն ներկուսակցական քննարկումների ժամանակ Խաչատրյանն ասել է, որ Առուշ Առուշանյանի հետ մրցակցության պարագայում խայտառակ կլինեն, և Առուշանյանին կարող է հաղթել միայն նախկինում պաշտոն ունեցած, շրջապատ ունեցող մեկը, ինչպիսին Աբունցն է։ Ուշագրավը սակայն Աբունցի աշխատանքային կենսագրությունն է․ ինչպես եւ ինչ հանգամանքներում թողեց մաքսատան պետի պաշտոնը։ Գորիսեցիների հիշողություններում վառ է պահպանվել նրա՝ աշխատանքից ազատման սկանդալային պատմությունը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով աշխատանքից ազատվեց կոռուպցիայի և ապօրինի բեռներ տեղափոխելու համար: ՔՊ առաջնորդի կողմից աշխատանքից ազատված մաքսանենգ ճանապարով Հայաստան բեռներ տեղափոխած անձը դարձել է ՔՊ քաղաքապետի թեկնածուն: Գորիսեցիները Աբունցին դրական են նկարագրում՝ կիրթ և  բարեհամբույր անձնավորություն է,  նույնիսկ շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Աբունցի գլխին սարքեցին՝ իրենց ենթարկելու նպատակով, ինչը փաստորեն հաջողվեց, համաքաղաքացիներից շատերն էլ հիասթափություն են ապրել՝ լսելով, որ նա իշխող կուսակցության թիմում  է, փորձելու է զբաղեցնել Առուշ Առուշանյանի տեղը։ Ի դեպ, Աբունցի կինը նույնպես Գորիսի  քաղաքապետարանում է աշխատում: