Զոհված զինծառայողների հարազատները ֆլեշմոբ են սկսել ու պահանջում են չեղարկել «գունագեղ տոնակատարության» որոշումը

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները ֆլեշմոբ են սկսել սոցցանցերում՝ պահանջելով չեղարկել սեպտեմբերի 21-ին նախատեսված «գունագեղ տոնակատարությունը»։

Հիշեցնենք, որ այդ մասին այսօր հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ կառավարության նիստում. «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, որն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհված մեր նահատակների հիշատակին»,-ասել էր Փաշինյանը, ինչը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել։ Զոհված զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը հայտարարեց, որ զոհված զինվորների ծնողները «սև տոնակատարություն» կբերեն՝ այդ նախաձեռնությունը որակելով սրբապղծություն։

Այնուհետև քննադատական գրառումներով հանդես եկան մի շարք այլ ծնողներ, իսկ հիմա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ֆլեշմոբ են նախաձեռնել՝ իրենց բողոքն արտահայտելով Փաշինյանի հայտարարության առնչությամբ՝ նշելով, որ իրենք դատապարտում են «գունագեղ տոնակատարություն» անցկացնելու որոշումն ու պահանջում չեղարկել այն: