Աֆղանստանում գործելու են շարիաթի օրենքները

«Թալիբան» շարժման առաջնորդ Հայբատուլա Ախունդզադան հայտարարել է, որ Աֆղանստանում գործելու են շարիաթի օրենքները: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով շարժման տարածած հայտարարությունը։

«Ապագայում Աֆղանստանում կառավարման և կենսակերպի բոլոր հարցերը կկարգավորվեն Սուրբ շարիաթի օրենքներով», – ասված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ թալիբները ցանկանում են ամուր և առողջ հարաբերություններ հաստատել հարևան և այլ երկրների հետ։ Նրանց խոսքով՝ այդ հարաբերությունները պետք է հիմնված լինեն հարգանքի և փոխգործակցության վրա։

«Այդ երկրների հետ մեր հարաբերությունները հիմնված կլինեն Աֆղանստանի հետաքրքրությունների և շահերի վրա։ Մենք հավատարիմ ենք միջազգային բոլոր օրենքներին և համաձայնագրերին, բանաձևերին և պարտավորություններին, որոնք չեն հակասում իսլամական օրենքներին և ազգային արժեքներին» ,- ասված է Ախունդզադայի տարածած հայտարարության մեջ:

Նա նաև ընդգծել է, որ «Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը» (թալիբներն այսպես են անվանում երկիրը) լուրջ և գործուն քայլեր կձեռնարկի իսլամի կրոնական պահանջների շրջանակներում մարդու, փոքրամասնությունների և կարիքավոր խմբերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

Նշենք, որ այսօր թալիբները հայտարարեցին Աֆղանստանի նոր ժամանակավոր կառավարության կազմը։ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը ստանձնել է Հասան Ահունդը,  որը «Թալիբան» շարժման առաջնորդներից է, 1996-2001թթ. զբաղեցրել է երկրի ԱԳ նախարարի պաշտոնը։