Հանրային հեռուստաընկերության քաղաքական մեկնաբանը դատի է տրվել վիրավորանքի ու զրպարտության համար

Լևոն Ռոմիկի Սարդարյան, նույն ինքը` Հանրային հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան, ինչպես անցյալ տարի ինքն էր նշել իր ֆեյսբուքյան էջում, աշխատում է «Առանց տողատակի» վերլուծական ծրագրում, խմբագիր է Առաջին ալիքում, միաժամանակ հանդիսանում է Լրագրողների անկախ արհեստակցական կազմակերպության նախագահը:

Սույն անձնավորությունը 2020թ. մայիսի 22-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում զետեղելով LIVEnews.am կայքում 2020թ. մայիսի 21-ին հրապարակված տողերիս հեղինակի «Հայաստանում ահավոր վիճակ է, ով ապրեց` ապրեց, ով մեռավ` մեռավ» վերտառությամբ հոդվածի վերնագրի, հոդվածին ուղեկցող լուսանկարի և հոդվածի սկզբնամասի լուսանկարը, դրա վերևում կատարել է հետևյալ գրառումը.

«Եթե որևէ մեկն ինձ ապացուցի, որ սա լրատվամիջոց ա, ես կհեռանամ լրատվական դաշտից։ Ընդմիշտ։ Եվ եթե որևէ մեկն ապացուցի, որ էսքանից հետո էս կայքի տերը մարդ ա, ես կհամաձայնեմ գոմում ապրել:

Բայց իմ սուբյեկտիվ կարծիքով, ես գոմում ապրելու հաճույքը կթողնեմ Գ.Ի.-ին»:

Գ.Ի.-ն հայտնի պետական և քաղաքական գործիչ, «Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահ Գառնիկ Իսագուլյանի անվան և ազգանվան առաջին տառերն են:

Անշուշտ, կարելի է ափսոսալ, որ Գառնիկ Իսագուլյանը քաղաքական գործունեությամբ ծանրաբեռնված կամ շատ բարի լինելու պատճառով չդիմեց դատարան ու չստեղծեց այնպիսի իրավիճակ, որ Լևոն Սարդարյանը ստիպված իր վերոնշյալ խոսքի («ես կհամաձայնեմ գոմում ապրել») տերը լիներ:

«Ֆեյսբուքում» տեսնելով իմ հոդվածին, այն կայքին, որտեղ աշխատում եմ, և իմ գործընկերոջը` Գառնիկ Իսագուլյանին առնչվող Լևոն Սարդարյանի վերոնշյալ գրառումը, Լևոն Սարդարյանին, իր իսկ վերոնշյալ գրառումից` «ես կհամաձայնեմ գոմում ապրել», ինչպես նաև Սարդարյանի մեկնաբանության ընդհանուր բովանդակությունից ելնելով և Գառնիկ Իսագուլյանի մարդ լինելն ինքնին ապացուցված փաստ համարելով, խորհուրդ տվեցի կամ առաջարկեցի` «նախընտրի գոմում ապրելը… Մանավանդ, եթե կարծում ես, որ դա կարող է հաճելի լինել»:

Տողերիս հեղինակի այս արձագանքին հետևեց Լևոն Սարդարյանի հետևյալ պատասխանը` «Ես գոմում ապրելն ինձ համար որպես պատիժ էի դիտարկում։ Իսկ քո դեպքում, ոնց հասկացա, դա բնականոն ապրելու միջավայր ա, Արթուր», ինչը հանդիսանում է տողերիս հեղինակի նկատմամբ միաժամանակ և՛ վիրավորանք, և՛ զրպարտություն:

Չնայած այն հանգամանքին, որ Լևոն Սարդարյանի տվյալ գրառման անմիջապես ներքևում հայցվորիս կողմից կատարվել է «Levon Sardaryan, պատրաստ եղեք դատարանում ձեր խոսքերի համար մեկ առ մեկ պատասխան տալու, և ոչ միայն դուք… Ամբողջն արդեն նկարված է, արձանագրված է» գրառումը, ինչը նշանակում է, որ իմ կողմից Լևոն Սարդարյանի վերը մեջբերված գրառումը համարվել է վիրավորանք` մի բան, որը պատճառելու համար դատական կարգով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն, պատասխանատվություն է նախատեսված, Լևոն Սարդարյանն ունենալով տողերիս հեղինակի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու նպատակ, որևէ կերպ ներողություն չի խնդրել և իր տվյալ գրառումն էջից անմիջապես հեռացնելու փոխարեն, որի դեպքում կարող էի վերանայել դատարան դիմելու որոշումս, իմ արձագանքին, դրա ներքևում պատասխանել է զրպարտչական մեկ այլ` «Артур Оганесян Դատարանում հաճույքով կապացուցեմ, որ նորմալ մարդը նման բան չէր կարող անել» գրառմամբ:

Նկատի ունենալով վերը շարադրվածը և առկա փաստերն ի մի բերելով, 2020թ. հունիսի 22-ին «Վիրավորանքի համար ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և զրպարտություն համարվող փաստացի տվյալը հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին» հայցադիմում եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Սույն հայցադիմումով, Լևոն Սարդարյանի վերոնշյալ գրառումների` վիրավորանք ու զրպարտություն հանդիսանալու հիմքով ներկայացված է նաև, ընդհանուր առմամբ, 600 000 դրամի փոխհատուցման հայցապահանջ:

Վերոնշյալ քաղ. գործով 25.01.2021թ. նշանակված նախնական դատական նիստը հետաձգվեց, քանի որ պատասխանող Լևոն Սարդարյանը չէր ներկայացել դատարան, դատական ծանուցագիրը չնայած նրա հաշվառման հասցեով ուղարկված լինելուն, չգիտես ինչու, չէր հասել նրան: Այդ ժամանակ դատարանը որոշեց ծանուցագիր ուղարկել նրա աշխատավայրի հասցեով: Հաջորդ նախնական դատական նիստը` նշանակված ս. թ. ապրիլի 30-ին, չկայացավ դատավոր Ա. Սուքոյանի անձնական խնդիրների պատճառով, իսկ այսօր նշանակված դատական նիստը հետաձգվեց սեպտեմբերի 23-ին, քանի որ պատասխանողին դատարանի կողմից մինչ այդ, չգիտես ինչու, չէր տրամադրվել հայցադիմումը:

Կարծում ենք, իսկապես, շատ հետաքրքիր դատ է լինելու: Ի վերջո, սոցիալական ցանցերում վիրավորանքի, զրպարտության համար պատասխանատվության նախադեպ պետք է ստեղծել ու հրապարակայնացնել այն, որպեսզի դաս լինի յուրաքանչյուրին, ով կարծում է, թե ինչ ցանկանա, կարելի է ու կարող է գրել սոցիալական ցանցերում, առանց պատասխանատվության, վիրավորել, զրպարտել սրան ու նրան: Չի՛ կարելի:

Արթուր Հովհաննիսյան