Ռուս խաղաղապահները հումանիտար ակցիա են իրականացրել ԼՂ Մարտունու շրջանի երեխաների համար. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները Գիտելիքի օրվան ընդառաջ հումանիտար ակցիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղում սահմանզատման գծի մոտակայքում գտնվող Մարտունիի շրջանի երեխաների համար: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ինչպես հաղորդվում է, խաղաղապահները Մաճկալաշենի միջնակարգ դպրոցում ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորել են մոտ 100 աշակերտի ուսուցիչների:
«Այսօր Մարտունու շրջանի Մաճկալաշեն բնակավայրում հումանիտար ակցիա է իրականացվել երեխաներին՝ №2 դպրոցի սաներին, գրենական պիտույքների հավաքածուներ նվիրելու համար: Միջոցառմանը մասնակցել են երկրորդից մինչև տասներկուերորդ դասարանի երեխաները: Ցանկանում եմ ընդգծել, որ ամեն փաթեթ համապատասխանել է տվյալ դասարանի պահանջներին: Բացի այդ, դպրոցին են տրամադրվել Մենդելեևի աղյուսակի, քարտեզների, գնդակների և այլ իրերի փաթեթներ»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։