Չէր կարելի անհիմն զիջումների գնալ, այլ պետք էր փոխշահավետ սահմանագծում իրականացնել. Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը Բազմիցս արձագանքել եմ, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքն ընդունվել է ոչ թե 2010 թ., ինչպես միշտ ներկայացվում է, այլ 1995 թ., իսկ հետագայում 12 անգամ փոփոխություններ և լրացումներ են կատարվել։ Այդ օրենքը որևէ կապ չունի պետական սահմանի, մասնավորապես, Սյունիքի մարզում միջպետական ճանապարհների 21 կմ հատվածը անմիջականորեն ադրբեջանցիներին հանձնելու հետ։ Բայց եթե անգամ ընկալվել է, որ հենց այդ օրենքը կապ ունի, ապա այն, ցանկության դեպքում, կարող էր վերանայվել։ Մյուս կողմից, եթե տարածքը հանձնել եք, ավելին՝ ընդունում եք, որ ամեն ինչ օրենքով է, ապա ադրբեջանն էլ օրենքով ձեռք է բերել իր տարածքն ինքնիշխանության սկզբունքով ազատ տնօրինելու իրավասություն։ Իսկ ճանապարհները փակելու համար պատրվակ պետք էլ չէ, ցանկացած պահի կարող են փակել՝ պատճառաբանելով, որ միջպետական բոլոր ճանապարհները պետք է միաժամանակ բացվեն՝ ակնարկելով հենց Մեղրու միջանցքը, որը գործելու է բացառապես ՌԴ զինուժի հսկողության ներքո։ Հընթացս անտեսված են բոլոր այն ճանապարհները, հատկապես հյուսիս-արևելյան հատվածում, որոնք երբևէ անարգել շահագործվել են Հայաստանի կողմից։

Բա այսքան ժամանակ հենց սրա համար էինք բարձրաձայնում, որ չէր կարելի անհիմն զիջումների գնալ, այլ պետք էր միջնորդ պետության մասնակցությամբ այնպիսի փոխշահավետ սահմանագծում իրականացնել, որպեսզի այն չընդգրկեր միջպետական ճանապարհը, և մենք էլ շանտաժների զոհ չդառնայինք։

Վերջին հաշվով, ի՞նչ է նշանակում, թե ամեն ինչ օրենքով է։ Նկատեք, Իսրայելը ևս իր կողմից դե ֆակտո զբաղեցրած տարածքն ամբողջությամբ օրենքով չի ճանաչել, որպես պետական սահման, բայց և չի էլ պատրաստվում զիջել՝ զուտ անվտանգության երաշխավորման նկատառումներով….»: