Առաջնահերթությունը լինելու է հարաբերությունները հարևանների և ասիական երկրների հետ. Իրանի նորանշանակ ԱԳ նախարար

Իրանի նորանշանակ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը խոստացել է, որ իր նախարարությունը վարելու է հավասարակշռված, դինամիկ և խելացի արտաքին քաղաքականություն՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի վրա:

Ինչպես փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը, նման ուղերձ նախարարը հղել է խորհրդարանի կողմից վստահության արժանանալուց հետո: Վերջինիս խոսքով՝ նախարարության առաջնահերթությունը լինելու է հարաբերությունները հարևանների և ասիական երկրների հետ:

Իրանի խորհրդարանը կառավարության նոր կազմը հաստատել է չորեքշաբթի: Նշվում է, որ նախագահ Էբրահիմ Ռայիսիի ներկայացրած 19 թեկնածուից չի հաստատվել միայն մեկի թեկնածությունը:

«Խոստանում եմ Իրանի ժողովրդին, որ ես և գործընկերներս ջանք չենք խնայի Իրանի ազգային շահերն առաջ տանելու ու ազգային անվտանգությունն ապահովելու գործում:  Խոստանում ենք նաև չտատանվել և ձեռնարկել յուրաքանչյուր քայլ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտպանելու համար»,- ասել է նորանշանակ նախարարը՝ հավելով, որ կընդլայնի հարաբերությունները ոչ միայն հարևան, այլև մյուս երկրների հետ: