Պետական կառույցները պետք է գնահատական տան և Ադրբեջանին, և Թուրքիային, որը չկա․ Սեյրան Օհանյան

«Այստեղ պատճառներն ի սկզբանե խորքային են՝ պատերազմից հետո ստեղծված իրավիճակն է ու պարտվողական քայլերի շարունակականությունն է, նաև այս վերջին տարիների և նախընտրական ժամանակահատվածում ատելության, մուրճ ճոճելու քայլերը և ղեկավարության ոչ վայել արտահայտությունները»,-անդրադառնալով ԱԺ-ում նախորդ օրը տեղի ունեցած ծեծկռտուքին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և իր ու խմբակցության անունից ներողություն խնդրեց կատարվածի համար:

Նրա կարծիքով, կատարվածի պատճառն ԱԺ-ն յուրահատուկ ռազմական վիճակի վերածելն ու կողմնակալ մոտեցումն է:

«Գլուխ ջարդելու և «արա»-ով խոսելով բախում հրահրելը և այն տեսարանի վերածելը, անվտանգության աշխատակիցների շատ դանդաղ վարքագիծն ամբողջական քրեաիրավական գնահատականի պետք է արժանանան»,- հայտարարեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

Նա նշեց, որ ընդդիմադիրներից ոչ մեկն ավելորդ դիրքի և գովասանքի կարիք չունի, և անկախ ամեն ինչից՝ անձի անձնական արժանապատվությունն է անձի ամենկարևոր սեփականությունը և պահանջեց, որ կատարված գործընթացը քննարկման առարկա դառնա ԱԺ խորհրդի արտահերթ նիստում:

Ըստ Օհանյանի, քաղաքական մեծամասնության ելույթների մեջ որևիցե մի ինքնաքննադատության, քննադատության և իրավիճակի հստակ գնահատականի մասին խոսք չի եղել և հավելեց, որ այնպիսի տրամադրություն է տիրում, որ կառավարությունն ինչ բերի ԱԺ՝ այն էլ կքվեարկեն:

«Մեկ անձի իշխանությունը շատ վտանգավոր է, հատկապես խորհրդարանական կառավարման համակարգում»,-հայտնեց Օհանյանը և անցավ կառավարության ծրագրի բովանդակությանը, նշելով. «Ծրագիրը չի համապատասխանում պետության խնդիրներին, անհամապատասխանություն կա ռիսկերի, վտանգների և ծրագրերի բովանդակության միջև, որը հիմնական և գլխավոր թերությունն է»:

Սեյրան Օհանյանի խոսքով, ծրագրով տպավորություն է ուզում ստեղծվել, որ նախորդ երեք տարիներին, հատկապես մեկ տարում, մեր երկրում ոչինչ չի փոխվել, չեն փոխվել պետության սահմանները, տարածաշրջանում պետության կշիռը, չի զոհվել մի ողջ սերունդ, չի եղել պարտություն, չեն եղել ահռելի անորոշություններ երկրի համար:

Բանախոսը պնդեց, որ խորհրդարնական մեծամասնությունը պետք է քաջ գիտակցի և հասկանա, որ դրա պատասխանատուն այսօրվա քաղաքական իշխանությունն է:

Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավորի՝ ծրագրում չկա ռազմաքաղաքական իրավիճակի հստակ գնահատական, անվտանգության միջավայրի փխրունության և սպառնալիքների և դրանց ուժգնացման վերաբերյալ, իսկ տարածաշրջանային դերակատարների, հատկապես Թուրքիայի՝ Հարավային Կովկաս մտնելը չի ստիպել պաշտպանական ռազմավարական վերանայում կատարել և ունենալ զինված ուժերի զարգացման կամ բարեփոխումների պլան:

Նա շեշտեց, որ պետական կառույցները պետք է գնահատական տան և Ադրբեջանին, և Թուրքիային, որը չկա և ծրագիրը չի համապատասխանում Արցախի և Հայաստանի առաջ կանգնած և ահագնացող անորոշություններին:

«Մենք մերժում ենք պարտվողի հոգեբանությունը, Ադրբեջանի հետ ժամանակավրեպ և առանց հիմքերի խաղաղության խաբկանքի մեջ մտնելը»,-հայտնեց Սեյրան Օհանյանը և հավելեց, որ ընդդիմությունը կողմ է տարանցիկ պետության դերակատարությանը, բայց միայն ազգային շահից բխող խելամիտ լուծումների դեպքում, և հավելեց. «Այս պահին ճանապարհների շրջափակումը Հայաստանի և Արցախի համար բերելու է խորը շրջափակման»:

Որպես ասվածի օրինակ, բերվեց Սյունիքի  ռազմավարական կետերը Ադրբեջանին ժամանակավրեպ հանձնելու հետևանքները:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հայտնեց, որ Հայստան դաշինքը կողմ է թուրք-ադրբեջանական ագրեսիայի միջազգային ճանաչմանը:

«Անվտանգության թեմաներով չի կարելի այդքան շատ լոզունգներով խոսել, քանի որ հնչած խոսքերն առաջին հայացքից կարող է հաճելի թվալ, բայց ազգային և միջազգային երաշխիքների համար խիստ վտանգավոր են»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Օհայանը հայտնեց, որ լսել է բանակի վերաբերյալ խորհրդարանում հնչած  բոլոր ելույթները և վիրավորանքները և իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ ինքն է այսօր պաշտպանության նախարարը, իսկ իշխանությունը՝ ընդդիմությունն է և խորհուրդ տվեց այդ կաղապարից դուրս գալ, քանի որ այդ անտեղի խոսակցություներով բանակին ամենամեծ հարվածն են հասցնում:

Նկատելով, որ բանակից խոսում են մարդիկ, որոնք տեղյակ չեն դրանից՝ Օհանյանը պահանջեց որ այդ հարցերով փակ քննարկում կազմակերպվի ՊՆ-ում:

Հայաստան խմբակցության պատգամավորը հայտնեց, որ նախորդ օրը ինքն առաջին հերթին պաշտպանում էր ներկայիս նախարար Արշակ Կարապետյանին, քանի որ այդ թերությունները եղել են և այսօր էլ կան: