«Ղրիմի պլատֆորմը» ռուսաֆոբ ակցիա է. Լավրով

Ղրիմի պլատֆորմի ֆորումը, որը նախաձեռնվել էր Կիևի իշխանությունների կողմից, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամների միջև կեղծ հասկացված համերաշխության արդյունք դարձավ և ոչ մի հեռանկար չունի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես ուզում եմ ասել, որ մենք գիտենք այն մեթոդների մասին, որոնք օգտագործվում են դաշնակիցներին ստիպելու համար միանալ նման անիմաստ ակցիաների, ուստի մեզ համար զարմանալի չէ, որ ԵՄ անդամների, ՆԱՏՕ-ի անդամների նման կեղծ հասկացված համերաշխությունը հիմք հանդիսացավ այս բացարձակ դատարկ, ոչ մի հեռանկար չունեցող  քարոզչական ձեռնարկի համար»,- ասել է նախարարը:

Պատասխանելով Ղրիմի թեմայով Հունգարիայի ղեկավարության հայտարարությունների վերաբերյալ հարցին՝ ռուս նախարարը շեշտեց, որ Մոսկվան Բուդապեշտի հետ հարաբերություններ է կառուցում «իրական քաղաքականության հիման վրա», և կողմերը «հենց դա էին անում» բանակցություններում:

«Իհարկե, [Ղրիմի պլատֆորմը] արհեստականորեն ստեղծված ռուսաֆոբ ակցիա է»,- շարունակել է Լավրովը:- Եվ նրանք կփորձեն արհեստականորեն պահպանել այդ տրամադրությունները, որպեսզի խաղան ժամանակակից Ուկրաինայում ծայրահեղ արմատական ​​նեոնացիստական ​​դրսևորումների խաղը: Կիևի իշխանությունները խրախուսում են այդ դրսևորումները, արևմտյան աշխարհի առաջնորդները ևս խրախուսում են դրանք»:

«Ղրիմի պլատֆորմի» ստեղծման մասին 2020 թվականի սեպտեմբերին հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Կիևը որպես ֆորումի նպատակ տեսնում է Ղրիմն Ուկրաինային վերադարձնելուն ուղղված «միջազգային ջանքերի համակարգումը»: Ինչպես հայտարարել էին կազմակերպիչները, այդ ձևաչափով առաջին հանդիպմանը մասնակցում են 40-ից փոքր-ինչ ավելի երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: