Երեք զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է դիրքի ավագը՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է երեք զինծառայողների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, տվյալներ են ձեռք բերվել՝ եւս մեկ ժամկետային զինծառայողի՝ դիրքի ավագի՝ դեպքին առնչություն ունենալու վերաբերյալ: Վերջինս ձերբակալվել է՝  ապօրինաբար դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու  եւ ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում, հայտնաբերվել են նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լեւոն Ռաֆայելի Հարությունյանի եւ Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով:

Նշված հանցագործությունը կատարելու՝ ապօրինաբար դիտավորությամբ վերոհիշյալ զինծառայողներին կյանքից զրկելու կասկածանքով ավելի վաղ ձերբակալվել էր նրանց համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ-ն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որն օգոստոսի 22-ին բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: