Զինվորականները արցունքաբեր գազ են կիրառել Քաբուլի օդանավակայանում կուտակված ամբոխը ցրելու համար

Քաբուլի օդանավակայանում տեղակայված զինվորականները արցունքաբեր գազ են կիրառել՝ աֆղանստանցիների ամբոխին զսպելու համար, որը փորձում էր մուտք գործել օդանավակայան՝ այդ տարածքում կարգուկանոնը վերականգնվելու վերաբերյալ Պենտագոնի հայտարարությունից մեկ օր անց: Այս մասին հաղորդել է The Wall Street Journal-ը:

Արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ զինվորները նաեւ օդ են կրակել՝ ամբոխը ցրելու համար: Այնուամենայնիվ, անհայտ է մնում, թե արդյո՞ք զինվորներն ամերիկացիներ են եղել, քանի որ բրիտանական, աֆղանական եւ եվրոպական այլ զորքեր նույնպես տեղակայված են օդանավակայանում:

Ամերիկացի զինվորականներից որեւէ մեկնաբանություն չի ստացվել:

Պարբերականի տվյալներով՝ Քաբուլի օդանավակայանի մոտ մի քանի հազար մարդ է կուտակվել, որոնք փորձում են լքել երկիրը: Այնուամենայնիվ, օդանավակայանը հսկող զինվորականները տարածք են թողնում միայն նրանց, ովքեր թռիչքների ուղեւորների ցուցակներում են: