Թալիբները սկսել են հետապնդել ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին աջակցություն ցուցաբերած աֆղաններին

«Թալիբան» շարժման գրոհայինները սկսել են փնտրել և ձերբակալել տեղի բնակիչներին, ովքեր օգնել են ԱՄՆ -ին և ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը ՝ հղում անելով Գլոբալ վերլուծության նորվեգական կենտրոնի գաղտնի փաստաթղթին, որը պատրաստվել է ՄԱԿ-ի համար։

Փաստաթղթում նշվում է, որ գրոհայիններն, ըստ ամենայնի, ունեն օտարերկրյա ուժերի հետ համագործակցած աֆղանների հասցեների ցուցակ:

Աղբյուրի համաձայն՝ թալիբները տնետուն են անցնում և բերման ենթարկում բնակիչներին: Դիմադրության դեպքում սպառնում են ձերբակալել կամ սպանել նրանց ընտանիքի անդամներին: Նշվում է, որ հատկապես վտանգի տակ են գտնվում Աֆղանստանի զինված ուժերի զինվորներն ու ոստիկանության աշխատողները, ինչպես նաև մարդիկ, ովքեր աշխատել են տապալված կառավարության քննչական ստորաբաժանումներում։