Քաբուլում հարյուրավոր աֆղաններ հավաքվել են օտարերկրյա դեսպանատների մոտ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարյուրավոր աֆղաններ հավաքվել են օտարերկրյա դեսպանատների մոտ ՝ փախստականի կարգավիճակ կամ վիզա ստանալու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդում է «Al Jazeera» հեռուստաալիքը:  Մարդկանց կուտակումներ են նկատվում Կանադայի, Ֆրանսիայի, Թուրքիայի դեսպանատների մոտ։

Պենտագոնը իր հերթին հայտարարել է,  որ օգոստոսի 14-ից մինչ օրս ԱՄՆ-ը Քաբուլի օդանավակայանից տարհանել է մոտ 7 հազար մարդու: Ներկայումս ավելի քան 5,2 հազար ամերիկացի զինծառայողներ գտնվում են քաղաքի օդանավակայանում, նշել են Պենտագոնում:

Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվել է վերջին շաբաթներին, երբ թալիբները սկսեցին հարձակվել խոշոր քաղաքների վրա: Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները հայտնել են, որ ապստամբները վերահսկում են բոլոր սահմանային անցակետերը: Ավելի ուշ, նույն օրը գրոհայինները հայտարարել էին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը, նրա խոսքով,  որպեսզի կանխի արյունահեղությունը: Օգոստոսի 16-ի գիշերը «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրում կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ժամանակներս: