Շուշիի Եղցահող գյուղից հայկական զինուժը հետ չի քաշվել. ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ

Շուշիի Եղցահող գյուղից Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հեռանալու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։
«Հայկական զինված ուժերն Արցախում կանգնած են այն բնագծերում, որում կանգնած էին նոյեմբերի 9-ի դրությամբ։ Եղցահող գյուղի հատվածում էլ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները հետ չեն քաշվել»,– ի պատասխան լրագրողների հարցի ասել է Ասրյանը։

Հիշեցնենք` օգոստոսի 17-ին սոցիալական կայքերում տեղեկություններ էին տարածվել, որ Եղցահող գյուղի տարածքում տեղակայված ԱՀ ՊԲ զինծառայողները դուրս են բերվել։ Ըստ լուրերի` գյուղը մնացել էր անպաշտպան, տեղում դիրքավորվում են ադրբեջանցիները։

Որոշ տեղեկություններով`հայկական ուժերը դուրս են բերվել ռուսական կողմի հետ պայմանավորվածության համաձայն, ըստ որի` ադրբեջանական զինուժը ևս պետք է տարհանի տվյալ տարածքից իր ԶՈւ–ն` տարածքի վերահսկողությունը հանձնելով ռուս խաղաղապահներին։ Այս տեղեկությունները, սակայն, պաշտոնապես չեն հաստատվել։

Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո Շուշիի շրջանի գյուղերից հայկական վերահսկողության տակ են մնացել Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն համայնքները։

Եղցահողը գտնվում է շփման գծից 1,5 կմ հեռավորության վրա։ Գյուղում պաշտոնական տվյալներով բնակվում է 145 մարդ։