Առանց Ալիևի և Ադրբեջանի գործողություններին ու հայտարարություններին իրավական, քաղաքական գնահատականներ տալու, Արցախյան հարցը չի լուծվելու

Ավելին` պարարտ հող է նախապատրաստվելու Ալիևի համար` իր պատկերացրած արդարությունը վերականգնելու

 

Վերնագրում նշված և այլ հարցերի շուրջ է մեր հարցազրույցը «Լև Գրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանի հետ:

– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համեմատաբար վերջերս պաշտոնապես հայտարարել է Արցախի հարցի լուծման ավարտի մասին, ի՞նչ կարծիքի եք այս հարցի կապակցությամբ:

– Այո, հայտարարել է, բայց արցախյան տարածքները բռնազավթելուց և էթնիկ զտումներ անելուց հետո, որով, իրավամբ, իրագործել է ցեղասպանություն, ինչը կամ չի գիտակցում, կամ միտումնավոր լռում է։

Իսկ ի՞նչ է անում քաղաքակիրթ աշխարհը:

– Խոսում է Արցախյան հարցի կարգավորման մասին։ Մինչդեռ առանց իրավական և քաղաքական գնահատականներ տալու Ալիևի կամ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումներ կատարելու, այնուհետ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու և այս պահին էլ ՀՀ տարածքի մի մասը բռնազավթած լինելու, Հայաստանի մի հսկայական մասն Ադրբեջանի պատմական տարածք հայտարարելու փաստերին, Արցախյան հարցը ոչ միայն չի լուծվելու, այլ նաև պարարտ հող է նախապատրաստվելու Ալիևի համար` իր պատկերացրած արդարությունը վերականգնելու:

Հայաստանը պատերազմում, ցավոք, պարտվեց, սակայն նրա հետ պարտվեց նաև քաղաքակիրթ աշխարհը` թուրք-ադրբեջանական բարբարոսներին թույլ տալով հաղթել Հայաստանին։ Իսկ Հայաստանը մոտ ապագայում դուրս է գալու այս իրավիճակից և ետ է բերելու իր խլված արժանապատվությունը:

Այնուհանդերձ, համարո՞ւմ եք, որ մեր անվտանգ ապրելու իրավունքն այս պահին սպառնալիքի տակ է:

– Այո, երբ Ստամբուլում կամ Եվրոպայում նստած թուրքը խոսում ու դատապարտում է հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, իսկ Իզմիրում ու Էրզրումում նստած թուրքը ոհմակով հարձակվում ու մորթում է քրդական ընտանիքին` մեր ու մանուկ, երբ թուրքական իշխանությունը պաշտոնապես հայտնում է, որ անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչ է ուզում կամ չի ուզում, ես նրան աջակցում եմ, քաղաքակիրթ թուրքը դառնում է թուր, իսկ «ք»-ն այս դեպքում հոգնակիակերտի իր նշանակությամբ է ընկալվում, այսինքն` թրեր։ Ուստի վտանգված է տարածաշրջանում, իր բնօրրանում ապրող հայի անվտանգ ապրելու իրավունքը։

– Այդ դեպքում ի՞նչ հետևություններ պետք է անել:

– Նման պայմաններում թուրքը մնալու է թուրք, իսկ մեր պետությունը պարտավոր է լրացուցիչ միջոցառումներ իրականացնել` սկսած նախադպրոցական, վերջացրած դպրոցական, բուհական հաստատություններում համապատասխան ծրագրեր ներառելուց ու համապատասխան դաստիարակությունից։ Անհրաժեշտ է նաև օրենքի ուժ տալ գոնե սահմանամերձ շրջաններում քաղաքացիներին զինելու և ինքնապաշտպանվելու իրավունքին: Ցավոք, Հայաստանն այսօր որ կողմից էլ նայում ենք, դարձել է սահմանային տարածք։ Հայի տեսակ կա, որ երբեք գաղթական չի դառնա, հետևաբար չպետք է նրան զրկել գրագետ ինքնապաշտպանության իրավունքից։

– Իսկ դա բավարար կլինի՞, որպեսզի կարողանանք դիմագրավել թշնամուն ու շարունակենք մեր գոյությունը հայրենիքում:

– Ո՛չ իհարկե: Ըստ պաշտոնական տվյալների, 30 տարվա ընթացքում 300 000 երեխա աբորտի միջոցով լույս աշխարհ չի եկել: Հասկանալի է, որ ոչ պաշտոնական տվյալներով ավելի շատ կլինի: Թե այդ երեխաների ծննդի դեպքում նրանց սերունդ տալով նշված թիվը կկրկնապատվեր թե կեռապատկվե՞ր, թող մասնագետները հաշվեն:

Իրավական հարթության վրա ես դա, բացառությամբ աբորտի բացառիկ դեպքերի (օրինակ, երբ անձի առողջությամբ պայմանավորված, ծննդաբերության դեպքում նրա կյանքը կարող է վտանգվել, և այլն) անվանում եմ սպանություն, թեպետ ոմանք կարող են վկայակոչել հազար ու մի կոնվենցիաներ, իրավական ակտեր և հակառակը պնդել: Միջազգային վիճակագրության համաձայն, Հայաստանը համարվում է ծերացող երկիր, ի տարբերություն հարևան մելիքության։ Սա պետական անվտանգության լուրջ մարտահրավեր է, ուստի անհապաղ անհրաժեշտ է պետական համապարփակ քաղաքականություն` օրենքի ուժով պատասխանատվության ենթարկելու մանկասպան մայրերին, բժիշկներին, դրդողներին, պատվիրատուներին, իմացող չհայտնողներին և այլն:

 

Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի