Թուրքերը պատերազմում են PKK-ի դեմ, բայց հիմնականում խաղաղ բնակիչներին են սպանում …

Թուրքերը, կարծես թե, հավատում են իրենց անսխալականությանը և անպատժելիությանը: Բայց թուրքերը հավանաբար մոռացել են, որ դժվարությունները,  փորձանքները միայնակ չեն գնում-գալիս: Ստանալով (ոչ առանց որոշ ուժերի օգնության…) Սիրիայի Իդլիբ նահանգի գրեթե ամբողջական բռնակցում (անեքսիան), Երևանի և Ստեփանակերտի դավաճանների օգնությամբ ձեռք բերելով Արցախի տարածքի գրեթե 80%-ը՝ Անկարան այժմ սկսել է իր զորքերի նոր գրոհը և առաջխաղացում: Այս անգամ՝ Հյուսիսային Իրաքում, Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերի և ճամբարների դեմ: Պարզաբանենք. Թուրքիայի՝ այսպես կոչված «անդրսահմանային [trans-border] գործողությունը» սկսվեց ապրիլին, բայց գարնանը քրդերից մի քանի «տհաճ» հարվածներ ստանալով՝ թուրքերը «հանգստացան»: Այնուհետև Թուրքիայում սկսվեց «բնական աղետների սեզոնը»: Եվ ահա՝ այժմ թուրքերը վերսկսել են Իրաքում PKK-ի դեմ պատժիչ ռազմական գործողությունները:

Բայց օգոստոսի 13-ին թուրքերը քրդերի կողմից ենթարկվեցին ականանետերի ծանր կրակի: PKK-ի պարտիզանների պատասխան գործողությունների արդյունքում սպանվել է թուրք զինվոր, հայտնում է «Anadolu» պետական ​​լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը: Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ քրդերը հարձակվել են անցակետի վրա «թուրքական բանակի Pençe-Şimşek («Կայծակի ճիրան») հակաահաբեկչական գործողության անցկացման տարածքում»: Ըստ հաղորդագրության՝ զինվորը հոսպիտալացվել է ծանր վնասվածքներով, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Ինչպես նախկինում բոլոր նմանատիպ դեպքերում, այնպես էլ այս անգամ թուրքերը հայտնում են, որ իբր «Թուրքիայի զինված ուժերի պատասխան կրակից չեզոքացվել է երեք քուրդ զինյալ»: Տարածաշրջանում թուրքական բանակի գործողությունը շարունակվում է, ոգևորված հաղորդեց Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Ինչ-որ պատճառով չեմ հավատում PKK-ի երեք կուսակցականների սպանության մասին թուրք զինվորականների հայտարարություններին. դա ոչ մի այլ աղբյուր չի հաստատում: Մյուս կողմից, Իրաքի հյուսիսից հաղորդվեց, որ թուրքերը «պատահաբար» սպանել են 50-ամյա քուրդ Իբրահիմ Հասանին գնդակոծելու արդյունքում, որը սպանվել է այն ժամանակ, երբ նա պատրաստվում էր ջրել իր այգին: Նրա մահվան մասին տեղեկությունը հաստատել է Քանիի շրջանի Քրդստանի Դեմոկրատական ​​կուսակցության մասնաճյուղի ղեկավար Մասի Հասիմ Թրվանշին, օգոստոսի 13-ին հայտնում է քրդական «Rudaw» լրատվական գործակալությունը: Այս ամենը, համենայն դեպս, վստահություն չի ներշնչում, որ Հյուսիսային Իրաքում Թուրքիայի խնդիրներն ավարտված են: Հիշեցնենք՝ համեմատաբար վերջերս  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության անունից խոստացավ շարունակել պաշտպանել Իրաքի քրդերին և եզդիներին: Գերմանիան Մերկելի ղեկավարությամբ օգնեց ուսուցանել և վերազինել Բարզանիի կլանի իրաքյան քրդերի փեշմերգային, որոնք կռվում էին «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչների դեմ:

Իրաքում՝ Թուրքիայի և քրդական PKK կուսակցության միջև ռազմական գործողությունների նոր բռնկման ֆոնին, արտակարգ դեպք է տեղի ունեցել նաև հարևան Սիրիայում: Ավելին՝ դա կատարվեց քրդերի կողմից վերահսկվող գոտում, այսպես կոչված՝ «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերից» (SDF)՝ ամերիկամետ քրդա-արաբական կազմակերպություն, որը ստեղծվել և «հովանավորվել է» ԱՄՆ-ի և Իսրայելի գաղտնի, հատուկ ծառայությունների կողմից: Սիրիայի Հասեկե նահանգում՝ «Սանավիա աս-Սինայա» բանտում, տեղի է ունեցել բանտարկյալների ընդվզում, իսկ բանտարկյալների զգալի մասը ԻՊ խմբավորման ահաբեկիչներ են: Հաղորդվում է, որ բանտի շուրջ զանգվածային անկարգությունների ժամանակ ամերիկյան ուղղաթիռների թռիչքներն ավելացել են: Վերջին երեք օրերին բանտում անկայուն իրավիճակ էր, որը համընկավ այնտեղ «միջազգային կոալիցիայի» ներկայացուցիչների ներկայության հետ, ովքեր բանտարկյալներին հանգստացնելու համար բանակցությունների մեջ մտան նրանց հետ: Այս տեղեկատվության կապակցությամբ եվրոպական ԶԼՄ-ները հիշեցրել են, որ SDF խմբավորման և ԱՄՆ -ի քրդերը բազմիցս մեղադրվել են բանտում գտնվող ԻՊ-ի ահաբեկիչների՝բանտից  ազատ արձակելու մեջ:

Ինչպես Հյուսիսային Իրաքում Թուրքիայի «անդրսահմանային գործողությունը», այնպես էլ Հասսեկե նահանգում (Սիրիա) տեղի ունեցած միջադեպը՝ կապված «Սանավիա աս-Սինայա» բանտում տեղի ունեցած ահաբեկչական խռովության հետ, ցույց են տալիս, որ և՛ Թուրքիան, և՛ ԱՄՆ-ն, ամերիկամետ քրդերի հետ միասին, երկու երկրներում լայնածավալ ապակայունացում են նախապատրաստում, այսինքն՝ Իրաքում և Սիրիայում: Եվ պետք է այդ սրվող իրավիճակը կապել այն բանի հետ, որ ԱՄՆ-ն վերջապես սկսում է զորքերը դուրս բերել Իրաքից: Հաշվի առնելով, որ Իրաքում և Սիրիայում հարևան Իրանը աջակցել և շարունակում է աջակցել շիաներին և ալևիներին, ինչպես նաև Ատ-Թալաբանիի կլանի քրդերին, այսինքն՝ Բարզանիի կլանի մրցակիցներին, անհրաժեշտ է մոտ ապագայում ակնկալել Իրանի և նրա դաշնակիցների կտրուկ ակտիվացում Իրաքում և Սիրիայում:

 

Սերգեյ Շաքարյանց