Էրդողանը ջրհեղեղից տուժած նահանգներն աղետի գոտի է հայտարարել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջրհեղեղից տուժած Քասթամոնու, Բարթըն և Սինոփ նահանգներն աղետի գոտի է հայտարարել: Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Այս մասին Թուրքիայի նախագահը հայտնել է Քասթամոնում տեղի բնակչության հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ այս պահին հեղեղներից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են, որոնց մասնակցում են 4500-ից ավել փրկարարներ, 19 ուղղաթիռ, ԱԹՍ, շտապօգնության մեքենաներ և այլ անհրաժեշտ տեխնիկա:

Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիան բոլոր վնասները հատուցելու ուժ, հնարավորություն և վճռականություն ունի՝ նշելով. «Ավերվածի տեղն ավելի լավը սարքելով, այրվածի փոխարեն ավելի շատ ծառ տնկելով, պակասածը նորերով ավելացնելով՝ կշարունակենք մեր ճանապարհը»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի հյուսիսային մի շարք նահանգներում օգոստոսի 11-ից սկսված հորդառատ անձրևները հեղեղի պատճառ էին դարձել: Հեղեղները մեծ ավերածություններ են պատճառել: Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) հայտնած վերջին տվյալների համաձայն՝ հեղեղների պատճառով երկրի հյուսիսում գրանցված մահերի թիվը հասել է 27-ի։ Նրանցից 25-ը զոհվել են Կաստամոնու նահանգում, 2-ը՝ Սինոփում։