Ադրբեջանը վերջին 3 օրում երկու հարված է հասցրել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի և Ռուսաստանի հեղինակությանը

ԱՀում խաղաղությունը և կայունությունը սոսկ մասնակիորեն են ապահովված

 

Բայց այդ դեպքում ո՞ւր էին ռուսական խաղաղապահները… Սա թերևս առաջին հարցն էր, որ առաջացավ Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի շատուշատ հայերի մոտ, երբ օգոստոսի 10-ին ծանոթացան նախօրեին թշնամու կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման վերաբերյալ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հետևյալ հայտարարությանը .

«Օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ ձեռքբերված պայմանավորվածություններին և զերծ մնալ իրադրության հետագա լարման ուղղված քայլերից»:

Բոլոր նրանք, ովքեր անտեղյակ էին իրական վիճակին, տարակուսած էին` չէ՞ որ Արցախում ռուսական խաղաղապահներ են տեղակայված, եթե Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև նրանք են, ապա թշնամին ինչպե՞ս է համարձակվել խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ընդ որում, նույնիսկ հաստոցավոր հակատանկային նռնականետից արկեր արձակելով:

Իրականում, սակայն, ինչպես այսօր տեղեկացանք ԱՀ նախարարներից մեկից, վերոնշյալ հատվածում ռուսական խաղաղապահներ պարզապես չեն եղել, չկան: Ինչո՞ւ… Այն պարզ պատճառով, որ, ըստ մեր զրուցակցի, նրանց քանակը, նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարության համաձայն, ընդամենը 1900 հոգի է, ինչն անբավարար է Ադրբեջանի զինված ուժերի հետ շփման գծի ողջ երկայնքով կամ բոլոր հատվածներում նրանց ներկայությունն ապահովելու համար: Եվ հենց այստեղ առաջացան բազմաթիվ նոր հարցեր…

Մասնավորապես կարևոր է պարզել հետևյալ հարցերը

  1. Ինչո՞ւ է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հենց այդ` 1900 թվաքանակն ընտրվել, ինչի՞ վրա է հիմնված նշված թվաքանակի ընտրությունը (պարզ է, որ ոչ փորձագիտական գնահատականի):
  2. Մինչև վերոնշյալ թվաքանակի շուրջ եռակողմ բանակցությունների ընթացքում համաձայնության գալը, պայմանավորվելը, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին պետք է, որ հայտնի լիներ, որ խաղաղապահ զորակազմի նշված թվաքանակը անբավարար կամ խիստ անբավարար է հրադադարի ռեժիմը պահպանելու, Արցախում խաղաղություն և կայունություն ապահովելու համար, հետևաբար նա տվյալ հանգամանքով հիմնավորելով, պնդել կամ գոնե առաջարկե՞լ է, որ խաղաղապահ զորակազմի ավելի մեծ թվաքանակ ընտրվի, իսկ եթե ոչ, ինչո՞ւ…

Պարզ է, որ եթե Ալիևն ու Նիկոլը համաձայնության են եկել խաղաղապահ զորակազմի նշված թվաքանակի շուրջ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չէր կարող խանգարել նրանց համաձայնությանը ու պնդել խաղաղապահ զորակազմի ավելի մեծ թվաքանակ: Սա դեռ պարզելու հարց է, և հուսանք, որ «Ազգային ժողով» կոչվածում ընդդիմության պատգամավորները համապատասխան հարցապնդումներով կստանան վերոնշյալ հարցերի պատասխանները:

Փաստորեն ստացվում է, որ չնայած Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի առկայությանը, այնտեղ խաղաղությունն ու կայունությունը սոսկ մասնակիորեն է ապահովված, իսկ Շոշ գյուղի մոտ իրավիճակը թերևս ամենավտանգավորը, ամենապայթյունավտանգն է և կարող է հանգեցնել կողմերի լուրջ բախման, բացառված չէ, պատճառ հանդիսանալ նույնիսկ նոր պատերազմի:

Հիշեցնենք, որ Շոշ գյուղի մոտ Ադրբեջանի ԶՈւ-ն նախկինում ևս խախտել է հրադադարի ռեժիմը, և օգոստոսի 9-ին կատարվածն առաջին դեպքը չէ: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի տեղեկացմամբ , «2021թ. մայիսի 17-ին՝ ժամը 17.05-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ, ազգային ատելության շարժառիթներով, երկու և ավելի անձանց սպանելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու նպատակներով հրաձգային զինատեսակների գործադրմամբ մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել N զորամասի պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերից մեկում ինժեներական աշխատանքներ կատարող ԱՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի բնակչի կողմից այդ պահին շահագործվող բազմաֆունկցիոնալ էքսկավատորի և մարտական դիրքի անձնակազմի ուղղությամբ»:

Արցախի ՊԲ օգոստոսի 9-ի վերոնշյալ հաղորդագրությանը ծանոթանալուց հետո այլ հարցեր էլ առաջանում. Պաշտպանության բանակն ինչո՞ւ եթե ոչ ավելի խստորեն, գոնե համարժեք չի պատասխանել թշնամու նախահարձակ, ագրեսիվ գործողություններին` հակահարվածի համար նույնպես հակատանկային նռնականետներ օգտագործելով:

Դե, վերոնշյալ հարցի պատասխանը կարելի է կռահել` իրավիճակի հետագա լարումից խուսափելու համար: Բայց մինչև ե՞րբ կարելի է չհասկանալ, որ թշնամին ՊԲ այդ վերաբերմունքը համարելով թուլության նշան, գնալով ավելի է լկտիանալու և առավել վտանգավոր գործողությունների է դիմելու: Մինչև ե՞րբ կարելի է չհասկանալ, որ Ադրբեջանին հասկանալի է միայն ուժի լեզուն, ու նրա հետ միայն այդ լեզվով պետք է խոսել: Արցախի ՊԲ-ն, սակայն, իր հաղորդագրություններում նույնիսկ չի համարձակվում հայ զինծառայողների մահը տենչացող թշնամուն թշնամի անվանել, «հակառակորդ» բառն է օգտագործում:

Շոշ-Մխիթարաշեն հատվածում օգոստոսի 9-ին տեղի ունեցած փոխհրաձգության առնչությամբ այսօր պաշտոնական հաղորդագրությամբ  հանդես եկավ ՌԴ պաշտպանության նախարարությունը: ՊՆ-ի հաղորդագրության մեջ նշված է, որ «օգոստոսի 9-ին, ժամը 17.45-ին Շուշա (Շուշիի ադրբեջանական անվանումն է.- Ծ. Հ.) բնակավայրի շրջանում հրաձգային զինատեսակներից փոխհրաձգություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների և Ադրբեջանի զինված ուժերի միջև»:

Այո, հրաձգային զինատեսակներից փոխհրաձգություն տեղի է ունեցել, բայց Ադրբեջանի զինուժը միայն հրաձգային զինատեսակներից չէ, որ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ), որը հաստատապես հրաձգային զինատեսակ չէ:

Հասկանալի է, որ քանի դեռ, ինչպես ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ է նշված, «Տվյալ փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննություն է իրականացնում», Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չէր կարող հայտարարել Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հակատանկային նռնականետների օգտագործման, դրանցից արցախյան դիրքապահների ուղղությամբ 3 արկ արձակելու մասին, չէր կարող դա ներկայացնել իբրև հաստատված փաստ:

Թեև ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ կարող էր նշել, որ ըստ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի, Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառել է նաև հակատանկային նռնականետներ, սակայն հասկանալի է նաև, որ այդպես չի վարվել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև Ռուսաստանի հեղինակությունը չստվերելու մտահոգությամբ:

Հարկ է նկատի ունենալ, որ Ադրբեջանի ԶՈւ վերոնշյալ հարձակման թիրախը հայկական դիրքապահներից բացի, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի և Ռուսաստանի հեղինակությունն է: Դրա վառ ապացույցն է նաև այսօր Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառումը  Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Սա արդեն փոխհրաձգություն չէ, որ դժվար լինի պարզելը, թե որ կողմն է նախահարձակ եղել, և որ կողմն է պատասխանել առաջինը կրակողին: Հիմա տեսնենք, թե Ռուսաստանի ՊՆ-ն ինչպես է արձագանքելու տվյալ փաստին:

 

Արթուր Հովհաննիսյան