Հակահայ իշխանության հանցավոր թողտվությամբ կորոնավիրուսի նոր, առավել վարակիչ ու վտանգավոր շտամները նույնպես ներթափանցում են Հայաստան. 4

Հաղորդում հանցագործության մասին, կամ` Հայաստանը նոր աղետի շեմին

 

Սկիզբը` այստեղ 

Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններում արտերկրից բոլոր ժամանողներից պահանջվում է կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ փաստաթուղթ կամ տեղում թեստի հանձնում: Սակայն այդ պահանջը, ինչպես արդեն նշել ենք այս հոդվածի նախորդած մասում, ընդամենը ձևական բնույթ, ՀՀ վարակի ներթափանցումը կանխարգելելու ուղղությամբ աշխատանքների երևութականություն ստեղծելու նպատակ ունի, մեկ էլ որոշ մասնավոր կլինիկաներ են արանքում հարստանում ու լրացուցիչ ֆինանսական մուտքեր ապահովվում պետական բյուջե:

Ձևական միջոցառումների արդյունքում արտերկրից մահացու վիրուսի, այդ թվում նաև վիրուսի առավել վտանգավոր, սովորականի (Ուհանի շտամի) համեմատ 90 անգամ ավելի արագ տարածվող և 4 անգամ ավելի վարակիչ «Դելտա» շտամի, ինչպես նաև սովորականից մոտ 50 անգամ ավելի արագ տարածվող բրիտանական շտամի մուտքը Հայաստան փաստորեն չի կանխարգելվել և այս պահին էլ չի կանխարգելվում: Տվյալ շտամները, ինչպես պաշտոնապես հայտնվել է, արդեն Հայաստանում են: Դրանք գնալով մեծ տարածում են ստանում, և այսպես շարունակվելու դեպքում իրավիճակն առաջիկայում կարող է ուղղակի աղետալի լինել, ավելի վատ, քան անցյալ տարի:

Վերոնշյալ իրավիճակի անմիջական պատասխանատուները ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը և նշված նախարարությունն են, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ու նրա ղեկավարը, իսկ խոշոր հաշվով, իհարկե, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը և կառավարությունը: Հենց նրանցից պետք է պատասխան պահանջեն Հայաստանում համավարակի դեռ նոր-նոր սկսվող (համենայն դեպս, սկսվելու նախադրյալներն ունեցող ու նախանշանները ցույց տվող) նոր ալիքի այժմ դեռ տասնյակ, շուտով հարյուրավոր, իսկ ոչ հեռավոր ապագայում, Աստված մի արասցե, բայց արդեն հազարավոր զոհերի մերձավորները:

Ինչպես խոստացել էի նախորդ հրապարակմամբ, ներկայացնում եմ այն հիմնավորումները, որոնք փաստում են իշխանությունների կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումների ձևական բնույթը: Մտերիմներիցս մեկը վերջերս երկու անչափահաս երեխայի հետ վերադարձել է Ռուսաստանից , որտեղ կորոնավիրուսային համավարակը` հատկապես առավել վտանգավոր «Դելտա» և բրիտանական շտամներով միմյանց փոխանցվող, շատ մեծ տարածում ունի: Ինքն այդ երկրում ոչ հոժարակամ, բայց կյանքի հանգամանքներով պայմանավորված, հարկադրված է եղել հուլիսի ընթացքում պատվաստվել:

«Զվարթնոց» օդանավակայանում ինչ-որ մեկը, ամենայն հավանականությամբ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցը, մտերմիս հարցրել է` պատվաստվա՞ծ եք… Պատասխանել է` ես, այո, և հանել է համապատասխան փաստաթուղթը, որպեսզի ցույց տա, բայց հարցնողը փաստաթղթին բացարձակապես չի ծանոթացել, ասել է` անցի, ապա անմիջապես հարցրել` իսկ երեխանե՞րը…

Ծնողը պատասխանել է, որ երեխաները պատվաստված չեն: Դե, ասել են, այդ դեպքում պետք է պարտադիր թեստ հանձնեն, ինչի համար յուրաքանչյուր անչափահաս երեխայից 15 000 դրամ է պահանջվել: Պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ բիզնես է, ինչ լկտիություն, ինչ ռեկետ… Բոլորը չէ, որ արտերկիր արտագնա աշխատանքի են մեկնում և այնտեղից գումարով գալիս, բոլորը չէ, որ, անկախ դրանից, վճարունակ են: Շատ ու շատ մարդիկ գալիս են գրպանում ունենալով միայն իրենց ընտանիքի մի քանի օրվա հացի գումարը (մեկը ստիպված է եղել այցելել Ռուսաստանում բնակվող հիվանդ ծնողին, մյուսն անխուսափելի այցելության մեկ այլ առիթ է ունեցել), մի խոսքով, բոլոր գնացող- եկողները չէ, որ փողատեր են:

Մտերիմս սկզբում ընդդիմացել է, և նույնիսկ ասել, որ այդ դեպքում պարտավոր էին իրեն նախապես զգուշացնել, որ այդ նպատակի համար գումար նախատեսեր ու մոտն ունենար: Թեստավորվել պահանջողը չգիտես ծաղրելով թե դիմելով տափակ կատակի, ասել է` կներեք, ձեր հեռախոսահամարը չունեի: Մտերիմիս չեն տեղեկացրել, բացատրել, որ ՀՀ կառավարության թիվ 1514 որոշման համաձայն, ինքը կարող է օգտվել այլընտրանքից` պարտադիր  մեկուսացումից, ինչի համար անհրաժեշտ է շտապօգնության բրիգադ հրավիրել, իրեն և երեխաներին տեղափոխել մեկուսացման վայր:

Մտածելով, որ այլընտրանք չունի, քանի որ առանց թեստավորման, իրենց օդանավակայանից դուրս չեն թողնում, և օդանավակայանի սպասասրահում տեղակայված լաբորատոր նմուշառման մի քանի կետերից մեկն ընտրելով, մտերիմս ստիպված է եղել վճարել երկու երեխայի թեստավորման համար պահանջվող 30 000 դրամը: Թեստավորման նպատակով երեխաների քթերից և կոկորդներից լորձի փորձանմուշներ են վերցվել:

Լաբորատոր նմուշառման կետերից յուրաքանչյուրը մի մասնավոր կլինիկայի է պատկանում, բայց յուրաքանչյուրն էլ նույն գումարն է պահանջում, այսինքն` չկա մրցակցություն, թերևս առկա է հակամրցակցային համաձայնություն, ինչի վրա հրավիրում ենք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրությունը: Մանավանդ որ, օրինակ, Դոնի Ռոստովում ս. թ. հուլիսի դրությամբ ՊՇՌ թեստ հանձնելու համար պահանջվել է ընդամենը 800 ռուբլի (մոտ 5600 դրամ), հետևաբար կրկնակի հիմք կա կասկածելու և ՏՄՊՊ հանձնաժողովին հարցնելու, թե տվյալ պարագայում արդյոք առկա չէ՞ ոմանց կամ մասնավոր կլինիկաների համար գերշահույթներ ապահովող հակամրցակցային համաձայնություն…

Անցնենք, սակայն, բուն թեմային. հենց թեստի հանձնումից հետո է սկսվում ամենաանհեթեթը ու, միաժամանակ, ամենավտանգավորը. Թեստը հանձնելուց հետո իմ մտերիմին ու նրա երեխաներին թույլ են տվել օդանավակայանից դուրս գալ, գնալ, իսկ մեկ օր հետո լաբորատոր նմուշառման կետից թե տվյալ կլինիկայից զանգահարել են և ասել, որ թեստերի պատասխանը բացասական է, ամեն ինչ նորմալ է:

Նորմա՞լ է… Ոչ, թեստերի պատասխանն է նորմալ, բայց ամեն ինչ շատ աննորմալ է. պատկերացնո՞ւմ եք, թե մտերմիս երկու երեխան, եթե վարակված լինեին նոր կորոնավիրուսով, մանավա՛նդ, դրա ավելի վարակիչ «Դելտա» շտամով, մինչ նշված հեռախոսազանգը, քանի հոգու վարակած կլինեին «Զվարթնոց» օդանավակայանից ավտոբուսով Երևան, այնտեղից էլ տուն հասնելու ընթացքում (30 000 դրամ չնախատեսված ծախսից հետո բոլորը չէ, որ կարող են տաքսիով տուն գնալ), և վարակվածներն էլ, իրենց հերթին, քանի տասնյակ կամ հարյուրավոր ուրիշների վարակած կլինեին:

Նույնիսկ տաքսիով տուն գնալու դեպքում էլ, եթե երեխաները վարակված լինեին ու վարակեին վարորդին, նա լիովին բավական կլիներ բազմաթիվ այլ անձանց վարակելու համար: Սա դեռ արտերկրից «Զվարթնոց» օդանավակայանով Երևան ժամանած ընդամենը մեկ ընտանիքի օրինակով… Պատկերացրեք նաև, թե արտերկրից ժամանած բազմաթիվ վարակված անձինք, մինչև իրենց ՊՇՌ թեստի պատասխանն իմանալը, ՀՀ-ում գտնվող ընտանիքի քանի անդամի, քանի հարազատի, բարեկամի, ընկերոջ, հարևանի, ծանոթի և անծանոթի կարող են վարակել ու վարակում են: Այդ մեկ օրվա ընթացքում, մինչև պատասխանը իմանալը, նրանց վարքը գործնականում բացարձակապես անվերահսկելի է:

Վերը շարադրվածից արդեն պարզ է, որ Նիկոլի հանցավոր իշխանության կողմից կազմակերպված այսօրինակ կարանտինը ձևականություն է, ինչպես ժողովուրդն է ասում, կապիկություն, քանի որ այն չի կարող կանխարգելել ու չի կանխարգելում արտերկրից Հայաստան մահացու վտանգի ներթափանցումը և ՀՀ-ում համաճարակաբանական իրավիճակի վատթարանալը:

15 000 դրամով թեստավորումը որոշ մասնավոր կլինիկաների կամ դրանց տերերի համար ընդամենը փող աշխատելու, շահույթներ կամ գերշահույթներ ստանալու միջոց է, որոնցից, բացառված չէ, որ մաս են հատկացնում իրենց այդ հնարավորությունն ընձեռած պետական համապատասխան պաշտոնյաներին:

Օդանավակայանում կազմակերպված կարանտինային միջոցառումների կամ կանխարգելիչ գործողությունների ձևական բնույթն ապացուցվում է նաև այն փաստով, որ թեստավորման նպատակով նմուշառում կատարող տարբեր կլինիկաների աշխատակիցների, ինչպես նաև «կարգուկանոն պահպանող» ոստիկանների գերակշիռ մասն առանց շնչադիմակների է եղել այնտեղ մեր գործընկերոջ նկարահանման պահին:

Կորոնավիրուսային համավարակի հետ կապված Նիկոլի իշխանության 2020թ. հանցավոր գործելակերպը փաստորեն շարունակվում է նաև այս տարի: Ստացվում է, որ ոմանք թեև արտաքուստ ձևացնում են, թե պայքարում են ՀՀ-ում կորոնավիրուսային համավարակի հետագա տարածման դեմ, իրենց գործունեությամբ և անգործությամբ իրականում ճիշտ հակառակը` նպաստում են համավարակի առավել տարածմանը և դրա արդյունքում, բնականաբար, ծանր կամ աղետալի իրավիճակի առաջացմանը: Ինչո՞ւ… Նախ թող իրենք պատասխանեն, և հետո պարզեն իրավապահ համապատասխան մարմինները (դա նրանց սրբազան պարտականությունն է): Մենք ընդամենը կարող ենք ենթադրել…

Պաշտոնեական հանցավոր անգործությունը, անփութությունն այս դեպքում ամենաքիչ հավանականն է: Հարկ է նկատի ունենալ, որ որքան վատ լինի իրավիճակը, այնքան մեծ կլինի ոմանց միլիոնավոր կամ միլիարդավոր դրամների շահույթներ ապահովող թեստերի, շնչադիմակների, ռեսպիրատորների, դեղորայքի, ալկոգելների իրացումը և բժշկական ծառայությունների մատուցումը:

Եվ ամենակարևորը. որքան վատ լինի իրավիճակը, այնքան շատ մարդկանց հնարավոր կլինի համոզել կամ ահաբեկել, որ պատվաստվեն, միաժամանակ այնպիսի պայմաններ ստեղծել, որ վտանգավոր պատվաստումը հասարակության մի հսկայական մասի` ուսանողների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների և այլոց համար դառնա կամավոր պարտադիր, իսկ հետագայում, բացառված չէ, ընդհանրապես պարտադիր բոլորի համար: Սա մի թեմա է, որին առաջիկայում կանդրադառնանք առանձին:

Հետևաբար, վերը շարադրվածը նկատի ունենալով, շատ ավելի հավանական է, որ իշխանությունների վերոնշյալ «կանխարգելիչ» գործունեությունը, զուգահեռաբար ոմանց մեծ շահույթներ ապահովելուց բացի, մի ազգադավ ծրագրի իրականացում է, որը ծառայում է աշխարհում հնարավորինս շատ մարդկանց պատվաստելու արտաքին ուժերի նպատակին: Թե իրականում ինչ է թաքնված այդ նպատակի ետևում, նախկինում արդեն տեղեկացրել ենք և առաջիկայում էլ կբացատրենք:

ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած պաշտոնական տեղեկատվության  համաձայն, օգոստոսի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ, դրան նախորդած վերջին 24 ժամվա ընթացքում հաստատված կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի թիվը դարձյալ գերազանցել է 300-ը. գրանցվել է 313 նոր դեպք` 6158 թեստավորման արդյունքում:

Եթե, ասենք, 10, 12 կամ 20 հազար թեստավորում կատարվեր, կասկածից գրեթե դուրս է, որ հաստատված նոր դեպքերի թիվը շատ ավելին կլիներ: Եվս մեկ անգամ նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի վերաբերյալ պաշտոնապես ներկայացվող թվերը երկրում առկա իրականությունը չեն ներկայացնում. հիվանդները, որոնք COVID-19-ը թեթև կամ միջին ծանրությամբ են տանում, հիմնականում չեն դիմում բուժհաստատություններ ու դուրս են մնում պաշտոնական վիճակագրությունից:

 

Արթուր Հովհաննիսյան