Հակահայ իշխանության հանցավոր թողտվությամբ կորոնավիրուսի նոր, առավել վարակիչ ու վտանգավոր շտամները նույնպես ներթափանցում են Հայաստան. 3

Հաղորդում հանցագործության մասին, կամ` Հայաստանը նոր աղետի շեմին

 

Սկիզբը` այստեղ 

Կորոնավիրուսի առավել վտանգավոր «Դելտա» շտամը (հնդկական շտամ) Ռուսաստանից, Վրաստանից և այլ պետություններից մուռք է գործել Հայաստան, թերևս այս պահին էլ շարունակում է անարգել մուտք գործել ու, բնականաբար, գնալով տարածվում է:

Օգոստոսի 7-ին ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված նոր դեպքերի քանակը դարձյալ մոտ է 300-ին (298), օգոստոսի 8-ին հաստատված նոր դեպքերի քանակը եղել է 234, 9-ին` 140: Թող հատկապես վերջին օրվա ընթացքում (օգոստոսի 8-ի 11:00-ից օգոստոսի 9-ի 11:00-ն) նոր դեպքերի քանակի նվազումը որևէ մեկին չհանգստացնի:

Հարկ է նկատի ունենալ, որ նշված ժամանակաընթացքում կատարվել է ընդամենը 4458 թեստավորում` մոտ 2300-ով պակաս, քան դրան նախորդած 24 ժամվա ընթացքում, և մոտ 2000-ով պակաս, քան օգոստոսի 6-ի 11:00-ից օգոստոսի 7-ի 11:00-ն կատարվածը: Միաժաման հայտնի է, որ որքան մեծ է լինում թեստավորումների քանակը, որպես կանոն, այնքան մեծ է լինում հաստատված նոր դեպքերի քանակը:

Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակաընթացքում (օգոստոսի 8-ի 11:00-ից օգոստոսի 9-ի 11:00-ն) Վրաստանում, ի տարբերություն Հայաստանում կատարված 4458 թեստավորումների, 23 400 թեստավորում է կատարվել, կորոնավիրուսային հիվանդության հաստատված նոր դեպքերի քանակն ավելացել է 2236-ով (այսքան մեծ աճը պայմանավորված է նաև Վրաստանում համաճարակաբանական ավելի վատ վիճակով):

Նույն ժամանակաընթացքում (24 ժամում) Վրաստանում COVID-19-ի հետևանքներից, «Նովոստի- Գրուզիա»-ի տեղեկացմամբ, 44 մարդ է մահացել, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին 7 ամսվա ընթացքում:

ՀՀ առողջապահության նախարարությունից կամ կառավարությունից իշխանական լրատվամիջոցներով, այդ թվում նաև «հանրային» կոչված հեռուստաընկերությամբ հանրությանը գուցե արդեն խաբել են կամ առաջիկայում փորձեն խաբել, հրամցնել այն կեղծիքը, թե իշխանություններն իրենցից կախված ամեն ինչ արել և անում են կորոնավիրուսով վարակակիրների,  վիրուսի նոր և առավել վտանգավոր շտամների մուտքը ՀՀ կանխարգելելու նպատակով: Այդ դեպքում դա լկտի սուտ ու հրեշավոր կեղծիք կլինի:

Նույն պետական մարմիններից կարող են ասել, թե արտերկրից բոլոր ժամանողներից Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններում պահանջվում է կամ պատվաստված լինելու վերաբերյալ փաստաթուղթ, կամ տեղում թեստի հանձնում:

Այո, պահանջվում է, բայց այդ պահանջն ընդամենը ձևական բնույթ, ՀՀ վարակի ներթափանցումը կանխարգելելու ուղղությամբ աշխատանքների երևութականություն ստեղծելու նպատակ ունի, մեկ էլ որոշ մասնավոր կլինիկաներ են արանքում հարստանում ու լրացուցիչ ֆինանսական մուտքեր են ապահովվում պետական բյուջե:

Համապատասխան հիմնավորումները կներկայացնենք այս թեմայով մեր առաջիկա հրապարակմամբ, իսկ մինչ այդ նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում առկա խայտառակ իրավիճակին, այնտեղ ՀՀ ժամանածներին յուրօրինակ ռեկետի ենթարկելու փաստին, ինչպես նաև ոստիկանների լկտի վերաբերմունքին (առավել ևս` լրագրողի նկատմամբ), օրերս իրավացիորեն անդրադարձել են  News.am-ի մեր գործընկերները և նշել, որ «COVID թեստերի մաֆիան վերահսկում է կառավարության տեսչական մարմինը»:

Նիկոլի ու նրա իշխանության կողմից հովանավորվելով, շատ ոստիկաններ ուղղակի հաբռգել են և իրենց հաշիվ չեն տալիս նույնիսկ, որ գործ ունեն լրագրողի հետ: Պատասխա՛ն են տալու…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան