Բացահայտ սուտ է, թե որդիս ինքն է իր ոտքին կրակել. Սեյրան Օհանյան

Այսօր բանակը թիրախավորված է: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Ես գտնվելով ԱԺ-ում, ինձ թվում է, որ ես նորից զորակոչվել եմ բանակ, կամ գտնվում եմ դատարանում, որ բոլոր հարցերն ուղղված են հենց ինձ: Այնպիսի տպավորություն է, որ բանակի տերը հիմա ես եմ, այն ինչ ես արդեն 5-րդ տարին է բանակում չեմ ծառայում, իսկ իրենք ընդդիմություն են: Այնպիսի բաներ են պատմում բանակի մասին, որոնք պետք է տեղ չգտնեն Ազգային ժողովի հատկապես պատգամավորի գործունեության մեջ»:

Ինչ վերաբերում է պատերազմում իր որդու մասնակցությանը և նրա վիրավորվելու վերաբերյալ շրջանառվող լուրերին, պատգամավորն ասաց. «Այս 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորվել է իմ որդին, ով եղել է զորամասի հրամանատար: Ինչ վերաբերում է, թե ինչ հանգամանքներում է վիրավորվել՝ քրեական գործ է հարուցված, որով քննչական մարմինները հաստատել են, որ այդպիսի վարկած գոյություն չունի, և եթե դեպքերի հանգամանքները դուք պարզեք, իսկ ես պարզել եմ՝ ինքը գտնվել է իր հրամանատարական կետում, որն ավելի հեռու է առաջին գծից: Եթե ինքը վախեցող լիներ, չէր թողնի իր հրամանատարական կետը և անմիջապես մեկներ առաջին գիծ՝ իր ստորաբաժանումներին աջակցություն ցուցաբերելու համար»: