Վահե Հակոբյանը ներկայումս ռոյալթիների դրույքաչափի փոփոխության անհրաժեշտություն չի տեսնում

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Հակոբյանը համոզված է, որ հանքաարդյունաբերության ոլորտում հարկային քաղաքականության փոփոխություն չպետք է տեղի ունենա:

Վահե Հակոբյանն իր ելությում նշեց, որ Հայաստանում ռոյալթիի  (խմբ. հանքարդյունահանման դիմաց լիցենզառուի կողմից պետական բյուջե վճարվող գումար) դրույքաչափը ամենաբարձրն է աշխարհում:

«Եթե չեմ սխալվում, մենակ Ռումինիային էինք զիջում, բայց այս վերջին նախաձեռնությունից հետո Ռումինիային կանցնենք:  Պետք է փորձենք մեր ՀՆԱ-ն առնվազն պահենք այս մակարդակի, բայց ոչ թե հանքարդյունաբերության հաշվին, այլ ուրիշ ոլորտները զարգացնելով»,- եզրափակեց Հակոբյանը:

ՀՀ կառավարությունը որոշել էր արտահանման լիցենզիոն տուրք կիրառել պղնձի և մոլիբդենի խտանյութերի և որոշ հարակից ապրանքների նկատմամբ, ինչի արդյունքում արտահանման ծավալների պահպանման դեպքում  2021 թվականի ընթացքում ՀՀ պետբյուջեն կստանա լրացուցիչ 30-35 միլիարդ դրամ: