Նոյեմբերի 9-ը ոչ թե Արարատ Միրզոյանի վրա հարձակվելու օրն է, այլ մեր պատմության ամենաողբերգական օրերից մեկը․ Իշխան Սաղաթելյան

Այն գործադիր իշխանությունը, որը շրջափակել է ՍԴ-ն, ԱԺ-ն, որի պատգամավորները կուսակցության ղեկավարի հրահանգով շրջափակել են դատարանները, այդ քաղաքական մեծամասնությունն իրավունք չունի խոսել արդարադատության համակարգից: Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Վերջինս նշեց, որ օրենքի դիկտատուրան բլեֆ է, և քաղաքական մեծամասնությունը որևէ առնչություն չունի դրա հետ։

«Ձեր բոլոր բարեփոխումների մեկնարկը սկսվում է մեկ կետից՝ ամրապնդել ձեր իշխանությունը և ՀՀ-ում հաստատել մեկ մարդու դիկտատուրա»:

Սաղաթելյանը նշեց, որ իշխանությունը պատերազմից հետո դասեր չի քաղել.

«Դուք  դեռ չեք հասկացել, թե ինչ վիճակի եք հասցրել մեր երկիրը: Մի  հարցում  եք դուք անգերազանցելի, կարողանում եք 100 տոկոսանոց փաստը 180 աստիճանով փոխել և ներկայացել: Դուք այդպես էլ իշխանություն չդարձաք և շարունակում եք ձեզ պահել անպատասխանատու ընդդիմության պես: Կա՞ աշխարհում մի երկիր, որի իշխանությունն իր ձախողումների համար մեղադրում է ընդդիմությաննը: Մենք ասում ենք՝ ձեր իշխանությա օրոք հանձնվել է Արցախի 75 տոկոսը, գալիս այս ամբիոնի մոտ հայտարարում եք՝ դա նախկիններն են արել, մենք կապ չունենք, մենք խոսում ենք բանակի բարեփոխումներից, գալիս այս ամբիոնի մոտից հայտարարում եք՝ «Մարտի 1», «Հոկոտեմբերի 27»: 22 տարի առաջ այստեղ եղել է ողբերգություն, հետաքրքիր զուգադիպությամբ շատ պաշտոնյաներ, որ այն ժամանակ  պաշտոնյա էին, հիմա էլ են պաշտոնյա՝ Անդրանիկ Քոչարյան, Վաղարշակ Հարությունյան, Գագիկ Ջհանգիրյան:

Սաղաթելյանը նշեց, որ նոյեմբերի 9-ը ոչ թե Արարատ Միրզոյանի վրա հարձակվելու օրն է, այլ մեր պատմության ամենաողբերգական օրերից մեկը:

«Ինչո՞ւ է ձեր պատգամավորն անընդհատ ասում, որ մեր տիրապետության տակ կան ադրբեջանական հողեր, ինչի՞ եք նախապատրաստում մեր ժողովրդին: Չսխալվեք և մտածեք, որ այն, ինչ արել եք, կարող եք մարսել և գնալ նոր զիջումների: Այսօրվանից ասում եմ՝ չգաք 2-3 ամիս հետո այս ամբիոնց հայտարարեք, թե ժողովրդից ստացել եք խաղաղության մանդատ, երկիրը տանեք նոր զիջումների և դա համարեք խաղաղության և բարեկեցության ձեռքբերում, այդ ժամանակ կտեսնեք իրական ցասումը», -ասաց Սաղաթելյանը: