Երևանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանն ազատվել է աշխատանքից

Երևանի կենդանաբանական այգու տնօրենի պարտականությունները կատարող Վլադիմիր Սիմոնյանն ազատվել է աշխատանքից, քանի որ փաստաթղթերով չի համապատասխանել տնօրենին ներկայացվող պահանջներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչպես է նշանակվել այդ պաշտոնին, Կարապետյանը նշեց, որ տվյալները վերջերս են ի հայտ եկել:

«Այդ տվյալները փաստում են այն մասին, որ փաստաթղթերով Սիմոնյանը չի համապատասխանում տնօրենին ներկայացվող պահանջներին: Այդ պատճառով տնօրենի նոր պաշտոնակատար նշանակելու անհրաժեշտություն առաջացավ: Որոշում է կայացվել ԺՊ նշանակել Արևիկ Մկրտչյանին, ով զգալի փորձ ունի ոլորտում՝ աշխատել է Կենդանաբանական այգում, բացի դրանից, ոլորտում փորձառու և որակյալ մասնագետ է»,- նշել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը:

Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներն օգոստոսի 9-ին բողոքի ակցիա էին իրականացնում՝ դեմ արտահայտվելով տնօրենի նոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանի նշանակմանը: Աշխատակիցները նշում էին, որ Մկրտչյանը նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի մտերիմն ու թիմակիցն է, և պնդում, որ թույլ չեն տալու նախկինների վերադարձը:

Հարցին, արդյոք այդ ամենը համապատասխանում է իրականությանը, Կարապետյանը բացասական պատասխան է տվել:

«Այո, Արևիկ Մկրտչյանն աշխատել է նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ: Թյուրընկալումներից խուսափելու համար պետք է արձանագրել, որ կենդանաբանական այգում այսօր աշխատողների մեծ մասը նույնպես աշխատել է այդ ժամանակ: Ցանկանում եմ փարատեմ այն մտայնությունը, որ Արևիկ Մկրտչյանը գալու է ու կատարի Ռուբեն Խաչատրյանի ծրագրերը. այդպիսի բան չի լինի»,- ասել է Կարապետյանը:

Անդրադառնալով այն լուրին, թե Վլադիմիր Սիմոնյանին, ով այս պահին գտնվում է հիվանդանոցում, չի ծանուցվել աշխատանքից ազատման մասին, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը նշել է, որ բանավոր նրան այդ մասին մի քանի անգամ հայտնել են:

«Տնօրենի պարտականությունները կատարողին այդ լիազորությունների դադարեցման մասին ծանուցման կարգ օրենսդրությամբ չի նախատեսվում: Մինչև հիվանդանոց գնալը, պարոն Սիմոնյանը բանավոր տեղեկացել է այդ մասին և տեղյակ է եղել»,- ընդգծել է Կարապետյանը:

Ավելի վաղ, կենդանաբանական այգու աշխատակիցները լրագրողների հետ զրույցում հայտնել էին, որ իրենք կշարունակեն բողոքի ակցիան այնքան, մինչև իրենց բարձրացրած խնդիրը չլուծվի: