Հրդեհի պատճառով հունական կղզիներից ավելի քան 2 հազար մարդ է տարհանվել

Հունական Էվբեա կղզուց, որը հայտնի հանգստավայր է և Կրետեից հետո երկրորդ ամենամեծ կղզին, որտեղ հրշեջ փրկարարները մի քանի օր են անցկացրել՝ փորձելով դիմակայել ավերիչ հրդեհին, ավելի քան 2000 մարդ է տարհանվել: Հունաստանում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները, որոնց ալիքն այս ամառ ընդգրկեց հարավային Եվրոպան և հսկայական չափերի հասավ Ռուսաստանի արևելքում՝ Յակուտիայում, հաղորդում է BBC-ն:

Մայրաքաղաք Աթենքից հյուսիս-արեւելք գտնվող Էվբեա կղզու զբոսաշրջիկներն ու բնակիչները հանգստյան օրերին լաստանավերով տեղափոխվել են մայրցամաք՝ կրակով ողողված ափի ֆոնին: Կղզում այրվել են տներ, վնասվել են էլեկտրահաղորդման գծերը:

Ամբողջ Հունաստանում այժմ մի քանի տասնյակ անտառային հրդեհ է վառվում, բայց դրանցից ամենահզորն ընկել է Էվբեայի վրա:
Հարյուրավոր հրշեջներ, զինվորականներ, ինչպես նաեւ 17 ինքնաթիռ եւ ուղղաթիռ է մասնակցել հանգստյան օրերին դրանց մարման օպերացիային:

«Մենք այժմ ունենք կրակի երկու ճակատ, մեկը՝ հյուսիսում, մեկը՝ հարավում [երկրի],- ասել է քաղ բնակչության պաշտպանության հարցերով Հունաստանի փոխնախարար Նիկոս Հարդալիոսը:- Առջեւում եւս մի դժվար երեկո է եւ եւս մեկ դժվար գիշեր»:

Նա հավելել է, որ Աթենքում, որտեղ օրերս վտանգված էին նաեւ մարդկանց կյանքերը, իրավիճակը բարելավվել է, սակայն մտավախություն կա, որ չոր քամիների ուժգնացման պատճառով հրդեհը կվերսկսվի:

Բնական աղետը Հունաստանում 40 աստիճանից բարձր շոգերի հետեւանք էր եւ տեւեց ավելի քան մեկ շաբաթ: Երկրի որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել է 47 աստիճանի: Այժմ ջերմաստիճանը 40-ից ցածր է, սակայն երկրում բարձր ջերմաստիճանների նման անոմալ շրջան մոտ 30 տարի չի նկատվել:

Այս օրերին Հունաստանում հրդեհներն ընդգրկել են 56 հազար հեկտար տարածք, հայտնում է անտառային հրդեհների եվրոպական տեղեկատվական համակարգը:

Նման բնական աղետներն ավելի ու ավելի հավանական եւ ավերիչ են դառնում մարդկային գործունեության հետ կապված կլիմայի գլոբալ փոփոխությունների պատճառով:

Այս ամառ անտառային հրդեհներ են մոլեգնում հարեւան Հունաստանում, Ալբանիայում, Բուլղարիայում, Հյուսիսային Մակեդոնիայում եւ Թուրքիայում, ինչպես նաեւ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում: