Արևմուտքն ու Իսրայելը հերթական «ծուղակն» են պատրաստում Իրանի դեմ

Ինչպես զգուշացրել էինք 2020 թ․ նոյեմբերից, Իրանում նախագահական ընտրություններից հետո այս երկիրն ավելի ու ավելի շատ է ստանում «սողացող» պատերազմի ռազմաճակատներ, որն Իրանի դեմ մղվում է արտատարածաշրջանային ուժերի կողմից՝ ի դեմս ԱՄՆ-ի, Իսրայելի և Անգլիայի: Ի դեպ, օրեր առաջ տեղեկություններ եղան, որ Թուրքիայի կողմից Արցախ բերված և Արցախում տեղակայված թուրք ահաբեկիչների հարձակումն իրականացվել է Իրանի հյուսիսային սահմանների վրա՝ գրավված Ջաբրայիլից, որը 1994 թ․ Արցախի Հանրապետության շուրջ «անվտանգության գոտու» մաս էր կազմել: Հաղորդվում էր, որ նախագահ Հասան Ռոհանին, որը շուտով պաշտոնապես կփոխանցի Իրանի կառավարության ղեկավարի լիազորությունները նորընտիր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիին, կատաղած է և պատրաստվում է բարձրագույն ղեկավարությանը առաջարկել վրեժխնդրության պատասխան հակազդեցության որոշ միջոցներ «կովկասի-թաթարստանի» դեմ՝ պաշտոնը լքելուց առաջ: Իհարկե, այս տվյալները պետք է մանրակրկիտ ստուգվեն, և մինչ այժմ մենք հաստատում չենք գտնում իրանական լրատվամիջոցների հաղորդագրություններում:

Անկախ նրանից, թե ինչ և ինչպես էլ տեղի ունենա Արցախի օկուպացված հողերի հետ Իրանի սահմանին, հիմնական սպառնալիքը (Իրանի համար) գալիս էր և շարունակում է գալ ԱՄՆ-ից, Իսրայելից և Անգլիայից: Հուլիսի 29-ին Օմանի ափերի մոտ միջադեպ տեղի ունեցավ: Երեք ագրեսոր երկրներն ասին, որ Իրանը «անկասկած կանգնած է Օմանի ափերի մոտ նավը ռմբակոծելու հետևում»՝ հուլիսի 29-ի երեկոյան մարտական ​​անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով, և որ նրանք կաշխատեն գործընկերների հետ պատասխան գործողությունների մշակելու համար: Անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարձակումը խլեց Մեծ Բրիտանիայի և Ռումինիայի քաղաքացիների կյանքը՝ «Մերսեր Սթրիթ» քիմիական լցանավի վրա: Լիբերիայի դրոշով առևտրային նավը շահագործվում է իբր իսրայելական «Zodiac Maritime» ընկերության կողմից, սակայն պատկանում է Ճապոնիային: Միջադեպի պահին նավը գտնվում էր Օմանի ափից մոտավորապես 280 կմ հեռավորության վրա: Առանց բեռի քիմիական լցանավը հետևեց Տանզանիայի Դար էս Սալամից մինչև էմիրաթական Ֆուջեյրա նավահանգիստ:

Ինչպես օգոստոսի 2-ին գրել էր իսրայելական «The Jerusalem Post» թերթը, Իսրայելն ինքը կորոշի` պատասխան վրեժ լուծե՞լ Իրանից «Մերսեր սթրիթ» լցանավի վրա հարձակումից հետո, ասաց Իսրայելում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Մարկ Փաուերը՝ այն տեղեկությունների ֆոնին, թե իբր Վաշինգտոնը և Լոնդոնը «կանաչ լույս» են տվել Թել Ավիվին՝ Թեհրանի դեմ «պատասխան գործողություն» իրականացնելու համար: «Իսրայելը, ինչպես և տարածաշրջանի շատ երկրներ, սպառնալիքի տակ է և պետք է ինքնուրույն եզրակացություններ անի», – ասաց Փաուերը իսրայելցի լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք հրեական պետությունն իրավունք ունի պատասխանել: Ըստ Փաուերի, իբր «կան հստակ ապացույցներ» Իրանի մեղավորության վերաբերյալ: Բայց ապացույցները հնչեցնելու փոխարեն՝ ուշադրություն դարձնենք. անգլիացին, ըստ էության, հարցնում է Իրանին. «Իսկ ո՞վ է դա արել», իբր թե նա չգիտի, որ անհնար է ինչ -որ բանի մեջ մեղադրել առանց ապացույցի. «Հարց իրանցիներին, ովքեր հերքում են իրենց ներգրավվածությունը. եթե դուք դա չեք արել, ապա ո՞վ է դա արել, և ո՞վ ունի նավի վրա հարձակվելու մոտիվացիա»: Այս տողերի հեղինակը պատրաստ է պատասխանել անգլիացուն` նրանք, ովքեր 1992 թ-ից ի վեր, ինչ-որ «երրորդ երկրի» կամ ահաբեկչական կազմակերպության համար հարմար պատրվակ էին փնտրում Իրանի դեմ «թեժ» պատերազմ սկսելու համար: Սակայն, մեր կարծիքով, Իրանն ինքը կպատասխանի ագրեսոր երկրներին:

Ինչպես հասկանում են մեր ընթերցողները, պաշտոնական Թեհրանը «Մերսեր սթրիթի» վրա հարձակման վերաբերյալ Իրանի դեմ մեղադրանքներն անվանել է «անհիմն» և հորդորել չզբաղվել սադրանքներով: Սակայն քուվեյթյան «Al-Jarida» թերթը հայտնում է, որ «Իսրայելի բանակը կազմել է իրանական թիրախների ցանկը՝ Օմանի ափերի մոտ լցանավի հարձակմանը պատասխանելու համար»: Միաժամանակ պնդում էին, որ Վաշինգտոնը և Թել Ավիվը ինտենսիվ խորհրդակցություններ են վարում՝ Իրանի դեմ «համապատասխան արձագանքի» հարցում համատեղ քայլեր որոշելու և մշակելու համար: Պարբերականը վստահ է, որ Օմանի ափերի մոտ նավի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքն աննկատ չի մնա, և որ ի պատասխան՝ Իսրայելը «ցավալի հարված կհասցնի»: «Վրեժխնդրության գործողությունը կարող է ուղղված լինել մի քանի առանցքային թիրախների դեմ, ինչպիսիք են Բանդեր-է-Աբաս նավահանգիստը կամ Իրանի ափերի մոտ նավերի ոչնչացումը, որոնցից վերջինը՝ հարձակում իրանական ռազմանավի վրա, որից, ինչպես ենթադրվում է, որ ԱԹՍ-ը հարձակում է իրականացրել լցանավի դեմ», պնդում է «Al-Jarida» թերթը:

Բայց իրականում, ԱՄՆ-ը, Բրիտանիան և Իսրայելը չունեն ապացույցներ, թե ում անօդաչու թռչող սարքերը հարձակում կատարեցին: Բրիտանիայի ԱԳՆ-ի և ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունների մեջ կիրառվեց ամենահանցավոր  ձևակերպումը, որն այս երկրներն անընդհատ օգտագործում են իրենց սադրիչ հայտարարությունները քողարկելու համար. նրանք ասում են, որ Իրանը «մեծ հավանականությամբ» (highly likely) հարձակվել է ճապոնական, այն էլ՝ Լիբերիայի դրոշով, «Մերսեր Սթրիթ» լցանավի վրա: Ուշադրություն դառձնենք. նավի օպերատոր-ընկերությունը «Zodiac Maritime»-ն է, որը պատկանում է իսրայելցի խոշոր գործարար Էյալ Օֆերին: Սեփականատերը, սակայն, ճապոնական ընկերությունն է: Նավը փաստացի ճապոնական է, բայց Ճապոնիան ոչ մի պահանջ չի ներկայացնում Իրանին: Սակայն հրեա գործարարի պատճառով ԱՄՆ-ը և Անգլիան Իսրայելի հետ միասին մեծ սադրանք են պատրաստում Իրանի դեմ:

Ինչպես ասում են՝ «փոթորիկը մոտ է և անխուսափելի»․․․

Սերգեյ Շաքարյանց