Ազնիվ և արդար կառավարումը կարող է փոխել իրավիճակը, հաղթահարել հիասթափությունը. ՀՀ նախագահ (տեսանյութ)

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առաջնահերթություն է համարում խորը և բազմաշերտ ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնելը, ինչի համար կարևորում է պառակտումը բացառելը, շեշտում նորընտիր ԱԺ-ին տրված հնարավորությունը՝ մշակելու, իրականացնելու ապագային միտված իրական, ռազմավարական ծրագրեր:  Այս մասին ասաց նախագահը՝ ութերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանում:

Դիմելով խորհրդարանում ներկայացված ուժերին՝ նախագահն ասաց. «Ձեզ հնարավորություն է ընձեռվել նախ մշակել, ապա իրականացնել ապագային միտված իրական, ռազմավարական ծրագրեր: ՀՀ քաղաքացիներն ակնկալում են, որ կգտնվեն առկա խնդիրների լուծումները և կդրսևորվի կամք՝ Հայաստանն ուղղորդելու դեպի զարգացում, դեպի ապագա: Այդ ապագան պետք է կերտվի ուժեղ, հավասարակշռված և առաջադեմ պետության տեսլականի շուրջ: Ապագան առանձին վերցրած մեզնից որևէ մեկի կամ առանձին կուսակցության շահերը չեն, ապագան մենք ենք՝ որպես մեկ ամբողջություն՝ միավորված ընդհանուր պատմական հիշողությամբ, ինչպես նաև մեր երեխաների, նաև նախնիների հանդեպ ունեցած պարտքով, որոնք դարեր շարունակ պայքարել են սեփական անկախ պետություն ունենալու համար: Մենք պարտավոր ենք խորապես գիտակցել և արժևորել մեր պետականության առկայության փաստը»:

Նա շեշտեց՝ անվտանգության գրավականը միասնությունն է: Նախագահը նաև հավելեց, որ  ՀՀ-ն պետք է մաս կազմի համաշխարհային նոր միտումներին և լինի մրցունակ:

Մանրամասները՝ տեսանյութում