ԱԺ-ում «Հայաստան»-ի պատգամավորներն ի նշան բողոքի ձեռքերով հարվածներ հասցրեցին սեղաններին (տեսանյութ)

Նորընտիր ԱԺ-ում իրարանցում սկսվեց, երբ նիստը վարող պատգամավոր Կնյազ Հասանովն առաջարկեց գրանցվել։

«Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր դաշնակցական Արծվիկ Մինասյանը հայտարարեց, մինչ քվեարկությունը` պատգամավորն իրավունք ունի վարման կարգով խոսք խնդրել։

«Հիմա եթե Դուք իրականացրեցիք գրանցում, ապա գրանցումից առաջ վարման կարգն ու դրանից հետո վարման կարգը տարբեր հնարավորություններ են տալիս։ Հիմա դուք համաձա՞յն եք, որ կիրառվի գրանցումից առաջ վարման կարգի հնարավորությունը»,-մանրամասնեց Մինասյանը։

Հասանովն ասաց՝ հնարավորություն կտրվի, ուղղակի համակարգն աշխատում է գրանցումից հետո։ Նա հայտարարեց՝ գրանցում։ Արդյունքում գրանցվել է 91 պատգամավոր, չի գրանցվել 16 պատգամավոր, քվորում կա։

Վարման կարգով ձայնը տրվեց «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Սեյրան Օհանյանին։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորները ԱԺ նիստին մասնակցում են միանման սպիտակ շապիկներով։ Շապիկներին տարբեր մեղադրանքներով անազատության մեջ գտնվող «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների պատկերներն են․Գորիսի քաղաքապետ  Առուշ Առուշանյանի, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի,  Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի։

Մնարամասները՝ տեսանյութում