ԵՄ դատարանը Պուչդեմոնին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

Եվրոպական ընդհանուր իրավասության դատարանը Իսպանիայի Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին զրկել է եվրապատգամավորի անձեռնմխելիությունից: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Այս տարվա մարտին Եվրախորհրդարանը ինքնավարության նախկին առաջնորդին և կատալոնացի ևս երկու քաղաքական գործչի զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից, սակայն հունիսի սկզբին Լյուքսեմբուրգում Արդարադատության եվրոպական դատարանի նախագահի տեղակալը ժամանակավորապես կասեցրեց այդ որոշումը:

Պուչդեմոնը ղեկավարում էր Կատալոնիայի կառավարությունը անկախության անօրինական հանրաքվեի ժամանակ՝ 2017 թ.: Դրանից անմիջապես հետո նա ստիպված եղավ փախչել Բելգիա: Եվրախորհրդարանի 2019 թվականի ընտրությունների արդյունքում Պուչդեմոնը ստացավ պատգամավորի մանդատ, մինչդեռ Մադրիդը խնդրել էր Եվրախորհրդարանին՝ դադարեցնել նրա պատգամավորական անձեռնմխելիությունը: Իսպանիայի տարածքում գործում է Պուչդեմոնի ձերբակալման օրդեր: Իսպանիայի դատական ​​իշխանությունները պահանջում են նրա արտահանձնումը՝ խռովության հրահրման և յուրացումների մեղադրանքով: