«Ճանապարհը սարքել եմ, լույսերն էլ վառել եմ». Ժողովուրդը վերջին հրաժեշտն է տալիս Ջիվան Գասպարյանին

«Ոչ միայն հայ մշակույթը, այլև հայ ժողովուրդը մեծ կորուստ ունեցավ, կորցրեցինք լեգենդար դուդուկի վարպետի»,-լրագրողների հետ զրույցում ասաց դուդուկահար Կամո Սեյրանյանը` խոսելով ժողովրդական արտիստ  Ջիվան Գասպարյանի մասին:

«Հիշում եմ` առաջին անգամ վարպետին հանդիպեցի, երբ Կոնսերվատորիայում առաջին կուրսի ուսանող էի: Ազգային ռադիոյում դուդուկահարների մրցույթ էր կազմակերպվել և Ջիվան Գասպարյանը ժյուրիի նախագահն էր: Նա ինձ նկատողություն արեց, ասաց. «Տղա ջան, երբ նվագում ես, ուշադրություն դարձրու քո մատներին, իսկ դու բոլորին ուշադիր նայում ես` ժյուրիի անդամներին, ովքեր են նրանց կողքին նստած, բացի քո մատներից: Այդ տարիների ընթացքում մտերմացանք վարպետի հետ…
Պատիվ եմ ունեցել վերջին տարիներին ընկերություն անել վարպետի հետ, շատ հետաքրքիր հումոր ուներ. ասում էր՝ ճանապարհը սարքել եմ, լույսերն էլ վառել եմ, քշե՛ք: Այսինքն մեր՝ դուդուկահարներիս համար վարպետը, իրոք, մեծ ճանապարհ կառուցեց, դուդուկը համաշխարհային մակարդակի ճանաչման բերեց»,-ասաց Կ. Սեյրանյանը:

Դերասան Միքայել Պողոսյանը նշեց, որ մի իմաստուն հայ գնաց, նա Երևանում ապրող միակ հայն էր, որ դարձավ համաշխարհային դեմք:

«Ցավոք այստեղ ապրող մշակները ինչ-ինչ պատճառներով չեն դառնում այն, ինչ դարձավ մեր վարպետը: Նրա ձայնը դուդուկի ձայնն էր, նրա երգեցողությունը դուդուկի նման էր հնչում, և դա գալիս էր սրտից: Նրա բարությունը, իմաստությունը, աֆորիզմները… Ես այդ աֆորիզմները օգտագործում եմ կյանքում: Երբ ասում էինք՝ վարպետ ջան, ցավդ տանեմ, ասում էր՝ անցավ մնաս: Ասում էր՝ երբ ընկերոջդ պաշտոն են տալիս, պետք է նորից հետը ծանոթանաս:

Մի անգամ զանգեց, ասեց՝ Միշա ջան, քեզ Ամերիկայից նվեր եմ բերել: Գնացի, տեսնեմ կոշիկներ են, ասաց՝ «стильный» կոշիկներ են, մտածեցի՝ մենակ քեզ կսազեն: Մինչև այժմ այդ կոշիկները որպես մեծ հիշատակ պահում-պահպանում եմ: Շատ ցավոտ է վարպետի հեռանալը, բայց նա գնաց դեպի հավերժություն»,- ասաց դերասանը:

Դուդուկահար Գևորգ Դաբաղյանը շնորհակալութուն հայտնեց վարպետին ամեն ինչի համար. «Նման մարդիկ երբեք չեն մահանում: Մարդը մահանում է այն դեպքում, եթե ոչինչ չի տալիս աշխարհին: Ջիվան Գասպարյանը թողել է մեծ ժառանգություն, նա կարողացավ դուդուկը ներկայացնել համայն աշխարհին: Դրանով ճանաչեցին մեր երկիրը, սիրեցին հայ մարդուն, խորացան հայ մշակույթի արմատներում: Ջիվան Գասպարյանի մահը մեծ կորուստ էր մեր մշակութային կյանքում, որովհետև նման մարդանց ներկայությունը, անկախ տարիքից, միշտ անհրաժեշտ է ժողովրդին և մարդկությանը: Գասպարյանական դպրոցը շատ խորն է և արժեքավոր»,- ընդգծեց Դաբաղյանը: Նա նաև  նշեց, որ կյանքի ամենադժվար ու անցանկալի պահերին էլ, միևնույն է, մեծ դուդուկահարը կարողանում էր իր հումորով, խոսքով ելքեր գտնել, հարթեր ստեղծված խնդիրները։ «Բեմի վրա յուրահատուկ էներգետիկա ուներ։ Երբ փորձերից հետո միասին նստում հաց էինք ուտում, ասում էր՝ մինչև մահը հասնի ինձ, էլ մահ չի լինի»։
Նա մի պատմություն հիշեց. «Թուրքիայում համերգից հետո ժուռնալիստները Գասպարյանին հարցնում են՝  անընդհատ ասում եք, որ դուդուկը հայկական է, հայերը ամենալավն են նվագում, մենք էլ ենք լավ նվագում, պատասխանել է՝ մենք էլ ենք բալալայկա նվագում, բայց դա հայկական չէ, այսինքն՝ ուզում էր ասել, որ թուրքերն էլ կարող են դուդուկ նվագել, բայց դա չի կարող լինել թուրքական»։

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյան համերգասրահում վերջին հրաժեշտն են տալիս հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանին:  Աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում: Նա  մահացել է հուլիսի 6-ին ԱՄՆ-ում: