Ռուսական արջն արթնանում է և հավաստում, որ վճռականորեն դիմակայելու է…

Լավրովն անդրադարձել է նաև Անդրկովկասում Արևմուտքի ընդլայնման փորձին

 

Արևմուտքի երկրները փորձում են Ռուսաստանի շուրջ անկայունության գոտի ստեղծել՝ երկրի շուրջ տարածքներ յուրացնելով տնտեսական ու ռազմական ճանապարհով: «РИА Новости»-ի փոխանցմամբ, այս մասին «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հաջողություն, մարտահրավերներ, առաջադրանքներ և հեռանկարներ» վեբինարում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, իհարկե, ճիշտ է գնահատել այժմ ծավալվող գործընթացը, որը նոր չի սկսվել, ոչ էլ, ասենք, մեկ տարի առաջ: Այլ խնդիր է, որ Բայդենի ընտրությունից հետո նշված գործընթացը շարունակվում է նոր թափով, ավելի ուժեղ կերպով, ինչին, կարծում ենք, տեղյակ են բոլոր նրանք, ովքեր հետևում են արտաքին քաղաքական անցուդարձին:

Լավրովի ասածին, սակայն, պետք է հավելել, որ Ռուսաստանի շուրջ անկայունության գոտի ստեղծելու նպատակով, Արևմուտքը ՌԴ-ի շուրջ տարածքներին տիրապետելու համար բավական արդյունավետ կերպով գործադրել ու գործադրում է ոչ միայն տնտեսական ու ռազմական, այլև քաղաքական լծակներ: Եվ խնդիրն էլ ՌԴ-ի շուրջ սոսկ անկայունության գոտի, թեժ օջախներ ձևավորելը չէ, այլ նաև անուղղակիորեն, այսինքն` ոչ թե անմիջականորեն, այլ ուրիշ պետությունների միջոցով Ռուսաստանի դեմ միաժամանակյա պատերազմի նախապատրաստումը (շագանակներ կրակից ուրիշի ձեռքով):

Ինչպես արդեն նշել ենք մեր հրապարակումներից մեկում, Ռուսաստանի հարավում այդ պետությունները Թուրքիան և Ադրբեջանն են (անկայունության գոտին` Արցախը և ՌԴ ռազմավարական դաշնակից, ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետությունը), եվրոպական ուղղությամբ` Ուկրաինան ու Մոլդովան (անկայունության գոտին` Դոնբասը, Մերձդնեստրը): Ի հավելումն վերոնշյալի, Աֆղանստանում իշխանությունը, ինչպես հուշում են այնտեղ ծավալվող իրադարձությունները, շուտով ամբողջությամբ կանցնի «Թալիբան» ահաբեկչական կազմակերպությանը, և կանխատեսվում է, որ Աֆղանստանի տարածքից առաջիկայում ահաբեկչական հայտնի կազմակերպությունների միջոցով անկայունության գոտու կվերածվեն ՀԱՊԿ անդամ Տաջիկստանը և Ուզբեկստանը:

«Մեր շուրջը փորձում են անկայունության գոտի ձևավորել՝ ստիպելով մեր ամենամոտ հարևաններին և եղբայրական ժողովուրդներին կատարել ընտրություն՝ կա՛մ դուք Արևմուտքի հետ եք, կա՛մ Ռուսաստանի Դաշնության հետ,- ասել է նախարարը:- Մեր երկրի շուրջ տարածքները ցանկանում են տիրապետել ամենատարբեր ձևերով` և ռազմական, և տնտեսական, ու շրջապատել մեզ «սանիտարական արգելապատով», և նույնիսկ ինչ-որ օգուտ քաղել նրանից, որ Արևմուտքը որոշիչ ազդեցություն կունենա մեր հարևան երկրների զարգացման վրա»:

Լավրովն օրինակ է բերել իրավիճակն Ուկրաինայում և Բելառուսում, որտեղ, ըստ նրա, գունավոր հեղափոխության փորձ է ձեոնարկվել: Նկատենք, որ Ուկրաինայում, ի տարբերություն Բելառուսի, ոչ թե գունավոր հեղափոխություն, այլ հենց գունավոր հեղափոխություն է իրականացվել:

Ռուսաստանի արտգործնախարարը համոզված է, որ ԱՄՆ-ը, Եվրամիության երկրների հետ միասին, դարձյալ աշխարհաքաղաքական պայքար է ծավալում Մոլդովայի համար՝ «նախընտրական արշավի ընթացքում չխորշելով բացահայտ քարոզչությունից»:

«Դե, իսկ հիմա մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը, այդ թվում՝ ռազմական, մեր սահմանների պարագծով, ներառյալ և՛ Կենտրոնական Ասիան, և՛ Անդրկովկասը»,- հավելել է նախարարը:

Հասկանալի է, որ դիվանագիտությունը, քաղաքականությունն են Լավրովից պահանջում այդպես արտահայտվել` գործընկեր, բայց իրականում ի՞նչ գործընկեր, երբ խոսքը ՌԴ-ի հանդեպ բացահայտ թշնամիների մասին է: ՌԴ ԱԳՆ ղեկավարն իր այս հայտարարությամբ ողջ աշխարհին շատ հստակ հասկացնել է տվել` Ռուսաստանը գիտակցում է Արևմուտքի «խաղի» իմաստը, նպատակները Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Անդրկովկասում, որտեղ Արևմուտքը փորձում է ընդլայնվել հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև Վրաստանի և Հայաստանի միջոցով:

Վերոնշյալի համատեքստում պետք է դիտարկել Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի միջև Շուշիի հռչակագիրը, դրա (և ոչ միայն…) շրջանակում Ադրբեջանում թուրքական ռազմաբազա կառուցելու այս երկու պետության, հատկապես Թուրքիայի մտադրությունը, Վրաստանի ընդդիմության վերջին գործողությունները:

Նույն համատեքստում պետք է դիտարկել նաև Հայաստանում Արևմուտքի ազդեցության գործակալ անձանց ու կազմակերպությունների միջոցով հատկապես «Թավշյա հեղափոխություն» կոչվածից ու, մանավանդ, ՔՊ-ի «հաղթանակով պսակված» ԱԺ արտահերթ ընտրություններից հետո սաստկացած, գնալով ավելի ու ավելի լկտի և ագրեսիվ հակառուսական քարոզչությունը (նպատակը` հասարակական կարծիքը նախապատրաստել ՀԱՊԿ կազմից Հայաստանի դուրս գալուն, ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները խզելուն և ՆԱՏՕ-ին դիմելուն` նշված կազմակերպությանն անդամակցելու համար…), Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական զորախմբերի ներխուժումը ՀՀ տարածք, Երասխի սահմանային հատվածում հայտնի սադրանքը, այդ ամենի առնչությամբ ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի վարկաբեկման գործընթացը, այդ թվում նաև` ՀՀ որոշ իշխանավորների կողմից:

ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է ապահովել իր շահերն ինչպես հետխորհրդային տարածքում, այնպես էլ աշխարհի այլ տարածաշրջաններում:

Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է վճռականորեն դիմակայել Վաշինգտոնի ճնշմանը: Ինչպես նշել է ԱԳՆ ղեկավարը, ռուս-ամերիկյան հարաբերությունները մոտեցել են դիմակայության վտանգավոր գծին:

Ըստ այլ աղբյուրների, նույն միջոցառման ընթացքում Լավրովն ասել է նաև, որ Արևմուտքն ընտրություններից առաջ փորձում է խաթարել ներքին իրավիճակը Ռուսաստանում։

 

Արթուր Հովհաննիսյան