Վաղը Տոկիոյում տեղի կունենա 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Վաղը՝ հուլիսի 23-ին, Երևանի ժամանակով 15․00-ին Տոկիոյի ազգային մարզադաշտում պետք է  տեղի ունենա 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը:Հաղորդում է ՀԱՕԿ-ը։

Միջոցառման սցենարը դեռևս  հայտնի չէ: Մի բան պարզ է.  այն օլիմպիական խաղերի  պատմությունում ամենաանաղմուկ արարողությունը կլինի,  կանցկացվի դատարկության և լռության մեջ, քանի որ չեն լինի հանդիսականներ:

Ենթադրվում էր, որ  ներկա կլինեն շուրջ 10 հազար պաշտոնյաներ և հովանավոր ընկերությունների  ներկայացուցիչներ, բայց ժամեր առաջ հայտնի դարձավ, որ  նրանց թիվը նվազել է, դարձել է ընդամենը 950 : Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է   կազմկոմիտեի ներկայացուցիչ Հիդեմասա Նակամուրան:

Կրճատվել է  նաև շքերթի մասնակիցների թիվը: Նակամուրան, խոսելով այդ մասին ստույգ քանակը չի ասել:

Այուամենայնիվ, ամեն բանից անկախ, նախապես կազմված ծրագրով, յուրաքանչյուր երկիր կունենա երկու դրոշակակիր (մեկական կին և տղամարդ): Դա ՄՕԿ-ի նորամուծությունն է: Այս խաղերն անցկացվում են գենդերային հավասարության նշանաբանով: Այդ նպատակով ծրագրում ավելացել է  կանանց մրցաձևերի և  խառը մրցումների քանակը:

ՄՕԿ-ն  ընդհանրապես ցանկանում է  հասնել բացարձակ հավասարության: Դա գործնականում կիրառվելու է:  Այսպես. Տոկիոյի համաշխարհային գլխավոր մարզահանդեսում ընդգրկված են  պատմության մեջ ամենաշատ կին մարզիկները, նրանք կազմում են մասնակիցների  48, 8 տոկոսը:

Փոփոխություններ  են  կատարվել երդման արարողությունում: Տեքստը արտասանելու են ոչ թե երեք հոգի (մարզիկ, մրցավար և մարզիչ), այլ վեցը ՝ յուրաքանչյուր անվանակարգում մեկական  տղամարդ և կին: Ի դեպ, հենց երդման տեքստում ավելացվել են  հավասարության և խտրականության դեմ պայքարի մասին բառերը:

Արարողության կարգախոսն է՝ «Միավորված  հույզերով»: Կազմակերպիչները ցանկացել  են ուղերձ հղել  ամբողջ աշխարհին, որ խաղերը կարող են նոր հույս և ոգեշնչում բերել մարդկանց՝ մարզիկների ակտիվ մասնակցությամբ  և սպորտի ուժի միջոցով:

Արարողության մանրամասները հայտնի չեն: Օրինակ՝ հայտնի չէ, թե ով է վառելու օլիմպիական կրակը:

Շքերթի ընթացքում պատվիրակությունները մուտքը ստադիոն կլինի  ճապոնական այբուբենով:

Հունաստանի մարզիկներից անմիջապես հետո, որն ավանդաբար առաջինն  է լինում  որպես խաղերի նախահայր, կանցնի փախստականների հավաքականը:

Հիշեցնենք, որ Ճապոնիայի 126-րդ կայսր Նարուհիտոն կմասնակցի օլիմպիական խաղերի բացման արարողությանը և պաշտոնապես կհայտարարի մեկնարկի մասին: