Շնորհավորում եմ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին ԱԺ անցնելու առիթով. Նիկոլ Փաշինյան

ՍԴ որոշմամբ ևս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններն անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան և ընտրությունների վերջնական արդյունքները արտահայտում են ՀՀ ժողովրդի կամքը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ համաձայն միջազգային դիտորդական առաքելությունների ԱԺ ընտրությունները եղել են մրցակցային, հիմնական ազատություններն ու իրավունքները հարգվել են, ընտրությունները եղել են ազատ, քարոզչության հնարավորությունները եղել են հավասար, ապահովվել է լուսաբանման հավասար սկզբունքը, ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարության սկզբունքներին:

«Այսպիսով 8-րդ գումարման ԱԺ-ը կազմված կլինի 107 պատգամավորից, ՔՊ-ը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ:

Մեզ բոլորիս շնորհավորում եմ ճգնաժամային պայմաններում ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ: Շնորհավորում եմ «Հայաստան» դաշինքին և «Պատիվ ունեմ» դաշինքի խորհրդարան անցնելու առիթով: ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ նախկինում սովոր ենք եղել ընտրությունների արդյունքներով ներքաղաքական ճգնաժամեր ունենալու պրակտիկային»,-ասաց Փաշինյանը: