Այս ամենը Թեհրանն անելու է՝ լինի դա Ադրբեջանի, թե՝ Հայաստանի միջոցով. Իրանագետ

Վերջին շրջանում իրանական տիրույթում «Հյուսիս-Հարավ միջազգային տարանցման միջանցքի» (INSTC) վերաբերյալ խոսակցությունները և քննարկումները բավականին ակտիվացել են։ Ակնհայտ է, որ պաշտոնական Թեհրանն ամեն կերպ փորձելու է մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում և փորձել դուրս գալ Սև ծով ու ավելի հյուսիս՝ ամրապնդվելով այս տարածքներում և փորձել զսպել Անկարային ու պաշտպանել իր կենսական շահերը։

Այս ամենը Թեհրանն անելու է՝ լինի դա Ադրբեջանի, թե՞ Հայաստանի միջոցով։ Ուսումնասիրելով առկա իրողությունները՝ կարող ենք փաստել, որ ինչպես Թեհրանում, այնպես էլ այդ ծրագրում առկա մյուս շահագրգիռ կողմում՝ Դելիում, ավելի հակված են այդ ուղին անցկացնել Հայաստանով՝ հաշվի առնելով որոշ հանգամանքներ։

Եթե Իրանում որոշում լիներ կայացված հօգուտ Բաքվի, ապա, հավատացե՛ք, Թեհրանը վաղու՜ց լուծած կլիներ Ռաշթ-Ասթարա երկաթուղու հարցը, մինչդեռ վերջերս իրանական իշխանություններին մոտ կանգնած փորձագետներից մեկն արևմտյան ռեսուրսներից մեկում հայտարարում էր, որ այդ ծրագիրը Թեհրանի համար ձեռնտու չէ ո՛չ ֆինանսական, ո՛չ էլ տեխնիկական առումով, իսկ աշխարհաքաղաքականի ոչ ձեռնտու լինելն էլ հասկացնում էր իր խոսքում՝ նշելով, որ Իրանի համար ավելի նախընտրելի է նախիջևանյան երկաթուղով դուրս գալ Հայաստան, այնուհետև Վրաստան և այդպես շարունակ։

Այս Միջանցքում ներգրավված մյուս շահագրգիռ կողմը՝ Հնդկաստանը, նույնպես ձգտում է այն անցկացնել Հայաստանով՝ հաշվի առնելով իր ոխերիմ թշնամի Պակիստանի ներկայությունը Ադրբեջանում, ինչպես նաև Թուրքիայի ազդեցության աճն այս տարածաշրջանում, որի հետ նույնպես խնդրներ ունի, Չինաստանի կողմից անցկացվող Մետաքսի ուղու անցկացումն ու վերջինիս հետ մրցակցությունը և այլն և այլն։

Վերջին շրջանում այս Միջանցքի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի։

Այս ամենի համատեքստում հասկանալի է, չէ՞, թե Սյունիքի մարզն ինչ աստիճանի աշխարհաքաղաքական կարևորություն է ձեռք բերում և ինչ արժեք է ներկայացնում իրենից։ Հենց այդ պատճառով է, որ իրանական կողմը՝ մասնավորապես, Ջավադ Զարիֆը մեկ անգամ չէ, որ նշել Սյունիքի մարզի կարևորության և այնտեղ իրանական կայուն ներկայություն ապահովելու հարցի մասին։

Ի վերջո, այս միջանցքի իրագործմամբ կարող է չեղարկվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։

 

Իրանագետ Ահարոն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։