Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար․ Փաշինյան

ՔՊ կուսակցությունն 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՀ քաղաքացիներից ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու  մանդատ։ Այս մասին կառավարության հերթական նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ մանդատը ենթադրում է ՀՀ-ի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, տարածաշրջանային կայունության ու տևական խաղաղության հաստատում։

«ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, սակայն, տեղի է ունենում այն, ինչ մենք կանխատեսում էինք՝ ասելով, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը, ի հեճուկս միջազգային ասպարեզներում արվող խաղաղասիրական հայտարարությունների, ամեն ինչ անելու է՝ խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու համար և դա անելու է մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է՝ ցույց տալով, թե Արցախը կամ Հայաստանը, իբր, դեմ են խաղաղությանը, դեմ են սահմանազատման և սահմանագծման գործընթացներին, և այս ֆոնին ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ է ստեղծելու, ինչի դրսևորումները մենք տեսնում ենք նաև վերջին օրերին, բայց դա տեսել ենք նաև վերջին ամիսներին»,-հայտարարեց նա։

Փաշինյանն ընդգծեց՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով գործող աշխատանքային խումբը բավականին կառուցողական և արդյունավետ աշխատանք է իրականացնում՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ;

«Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին, որևէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի և, որ առավել կարևոր է, հունվարի 11-ի՝ Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ, որը բացահայտում է, թե ինչ է նշանակում և ինչպես պետք է իրագործվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը»,-ասաց նա՝ նշելով, թե իր մեկնաբանությունը միանշանակ է․

«Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար, որովհետև Ադրբեջանի նպատակն է շարունակել ՀՀ շրջափակման շուրջ 30-ամյա գործընթացը, քաղաքականությունը, բայց մենք առանց սեթևեթելու շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում՝ ՀՀ շրջափակումը ճեղքելու ուղղությամբ, և ռուսաստանցի մեր գործընկերների, միջազգային գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, ՀՀ ապաշրջափակմանը»,-ասաց նա։