Նորանշանակ փոխնախարարը հանդիպել է ԱԳՆ աշխատակազմին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանին:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին՝ կատարած աշխատանքի համար.

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ղևոնդյանին այս ամիսներին կատարած աշխատանքի համար: Դա շատ կարևոր և բարդ փուլում էր: Քչերն էին պատրաստակամ այդ պատասխանատվությունը վերցնել իրենց վրա: Դրանցից մեկը Դուք եք, պարոն Ղևոնդյան»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհավորել է Արմեն Գրիգորյանին կարևոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

«Նախորդ տարվա իրադարձությունների բերումով Արտաքին գործերի նախարարության դերակատարումը մեր ներքին և արտաքին կյանքում շատ կարևոր է: Վստահ եմ՝ Դուք պատվով կկատարեք Ձեր ստանձնած պարտականությունները և կլուծեք այն խնդիրները, որոնք մեր առաջ դրել է հանրությունը հունիսի 20-ի ընտրություններով, և որը կառավարությունը դնում է Ձեր առջև», – ասել է Արայիկ Հարությունյանը:

Արմեն Ղևոնդյանը նշել է, որ կատարված աշխատանքը եղել է համակարգային, աշխատել են բոլոր ստորաբաժանումները, վարչությունները, և միայն համատեղ աշխատանքի շնորհիվ է հնարավոր հասնել արդյունքի:

Արմեն Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, նշել է.

«Կարելի է ասել՝ որոշների հետ աշխատանքային փորձ ունենք, որոշակի աշխատանքներ կատարել ենք այս ընթացքում: Անվտանգության խորհուրդը մեծ հաշվով կտրված չի եղել արտաքին քաղաքականության ձևավորման գործընթացից, և ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր համատեղ աշխատանքի համար: Իհարկե, այսօրվանից սկսած առավել ինտենսիվ ենք աշխատելու: Համոզված եմ՝ մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք, որպեսզի ի կատար ածենք այն մանդատը, որը քաղաքացիները տվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Եվ այն բոլոր ուղենիշերը, որոնք նշված ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, որը նաև արտացոլվելու է Կառավարության ծրագրում, համատեղ իրականություն ենք դարձնելու: Շատ ծանր և դժվարին, բայց նաև պատասխանատու և պատվաբեր փուլ է լինելու: Համոզված եմ՝ համատեղ աշխատելու և արդյունքներ ենք ունենալու»: