ԼՂ Վարանդայի շրջանում կասետային ռումբից ադրբեջանցի է տուժել

Հուլիսի 12-ին, ժամը 11:00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի՝  ներկայում Ադրբեջանի  վերահսկողության տակ գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում կասետային զինամթերքի պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է Եվլախի շրջանի բնակիչ:

Ինչպես նշում է minval.az-ը, այս մասին հայտնել են Վարանդայի դատախազությունից:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ վարորդը՝ 1987թ. ծնված  Էլշան Խալիլովը ներկայում Բաքվի վերահսկողության տակ գտնվող Կարախանբեյլի գյուղի տարածքում աշխատանքների ընթացքում  տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել չպայթած կասետային ռումբի մարտագլխիկի հետ շփման պատճառով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։