Ոստիկանները մեր եղբայրներն են, ոստիկաններ չեն, ենիչերիներ են. այսպիսի հակասական գնահատականներ և…

Այսօրվա ոստիկանության հետ կապված պատրանքներ չունենաք

 

Այստեղ ոստիկանության ծառայողները միլիարդավոր դրամների պարգևավճարներ են ստացել ու դեռ կստանան: Ալիևն էլ օրերս իր կարգադրությամբ հավելավճարներ է սահմանել Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողների համար, վճարվելիք ընդհանուր գումարը դարձյալ հսկայական է: Բայց տեսնենք, թե այստեղ ինչ ծառայություն մատուցեցին ու մատուցում են ոստիկանության ծառայողները, և Ադրբեջանում ինչի համար են արժանացել հավելավճարների:

Դժվար թե որևէ մեկը մոռացած լինի պատերազմի ավարտից հետո, անցած շուրջ 9 ամսում ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի ու նրա իշխանության առանձին ներկայացուցիչների դեմ ոտքի ելած հասարակության մի ստվար հատվածի նկատմամբ ոստիկանության դաժան, հաճախ նաև ոչ իրավաչափ ու նույնիսկ հակաօրինական ու հանցավոր վերաբերմունքը, «ասֆալտին փռել- պատերին ծեփելը», մարդու ու նույնիսկ լրագրողների իրավունքների խախտումները:

Բազմաթիվ դեպքերից հիշեցնեմ ընդամենը մեկը` իրավակարգի պահապանների կողմից Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի և իրավակարգի նկատմամբ կատարվածը: Մի շարք դեպքերում չեն խնայվել նույնիսկ կանայք, աղջիկները, անչափահասները:

Ազգային ժողովի վերջին ընտրությունների ընթացքում ոստիկանների գործողությունները, «քաջագործություններն» էլ դեռ թարմ են, այդ կապակցությամբ բազմաթիվներից բերեմ դարձյալ ընդամենը մեկ օրինակ: Ի՞նչ մոռանալ, բա այս ամենը մոռանա՞լ կլինի… Ինչպես ասում են, ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել, և, ուշ թե շուտ, գալու է պատասխանատվության պահը:

Հիշենք նաև վերջին մոտ մեկ տարում ընդդիմության առանձին առաջնորդների, գործիչների ու շարքային քաղաքացիների կողմից ոստիկաններին տրված հակասական գնահատականները` ոստիկանները մեր եղբայրներն են, ոստիկաններ չեն, ենիչերիներ են, հակասական կոչերը` չվիրավորե՛լ ոստիկաններին, նրանց պետք է…

Չմոռանանք նաև առանձին արժանապատիվ ոստիկանների, նույնիսկ բարձրաստիճան սպաների, ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հրաժարականները. Նրա՛նց, ովքեր հրաժարվեցին ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի իշխանությանը ծառայել:

Ոստիկանության ու ծառայության մեջ մնացած ոստիկանների առնչությամբ պատրանքներ չեմ ունեցել ու չունեմ. հրաման տրվեց` կատարելու են, և եթե անհրաժեշտ համարվեց կամ եղավ ցանկություն, միջոցների միջև դարձյալ խտրություն չեն դնելու, ինչպես նախկինում: Նրանցից եթե ոչ շատերը, ապա նրանց մի ահագին մասը ՀՀ գերագույն գլխավոր դավաճանից գոհ են, նույնիսկ շնորհակալ են, ու նա նրանց ձեռնտու է. եթե թեկուզ դավաճանությամբ Շուշին չհանձնվեր, Արցախի և Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթը չստորագրվեր ու պատերազմը շարունակվեր, շատ հնարավոր է, որ իրենց էլ ճակատ ուղարկեին, իսկ այնտեղ գտնվողները չվերադառնային…

NEWS.am –ի գրավոր հարցմանն ի պատասխան, «ոստիկանությունից ստացված տվյալներից պարզ է դառնում, որ 2021թ.-ի հունվար-մայիս  ամիսներին ոստիկանության ծառայողների (աշխատողների) ամսական պարգևատրումների համար հատկացվել է 3.7 մլրդ դրամ կամ 7.1 մլն ԱՄՆ դոլար»: Այսինքն՝ ամսական միջինը 740 մլն դրամ։ Եվ սա` չնայած նրան, որ մեր երկիրը կորոնավիրուսային համավարակի ու պատերազմի հետևանքով գտնվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ, ավելին` կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև:

Թե 2021թ. առաջին 5 ամսում ոստիկանության քանի՞ ծառայող է պարգևատրվել, ոստիկանությունից հիշյալ լրատվամիջոցին չեն պատասխանել` «պատճառաբանելով, որ ոստիկանության ստորաբաժանումների անձնակազմի ցուցակային թվաքանակի մասին տվյալները գաղտնագրված են և ենթակա չեն հրապարակման»:

Նկատենք, որ վերոնշյալ պատճառաբանությունը կարող է ընդունելի լինել միայն այն դեպքում, եթե ոստիկանության բոլոր աշխատակիցներն են պարգևատրվել, այսինքն` պարգևատրվածների թվաքանակը հայտնելով, կբացահայտվեր ոստիկանության բոլոր ծառայողների (աշխատողների) թվաքանակը, բայց քանի որ ոստիկանության բոլոր աշխատակիցներին դժվար թե պարգևավճարներ տրված լինեն, կարելի է այն տպավորությունը ստանալ, որ գործ ունենք պատասխանից խուսանավելու համար տրված արհեստական պատճառաբանության հետ:

NEWS.am-ը մի շատ կարևոր դիտարկում է կատարել. «Ուշագրավ է, որ այս նույն ժամանակահատվածում  կառավարությունը նվազեցրել է Հայաստանի սահմանային գոտիներում ամրաշինական աշխատանքներ կատարելու համար նախատեսված ծախսերը»։

Վերը նշված փաստից արդեն պարզ է, թե ՀՀ գերագույն գլխավոր դավաճանի իշխանության համար ինչն է կարևորը: Կայքի հրապարակումից տեղեկանում ենք նաև, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին, որպես պարգևավճար, մոտավորապես նույն չափի գումար (12 ամսվա ընթացքում շուրջ 9.4 մլրդ դրամ) տրվել է նաև 2020թ. կորոնավիրուսային համավարակի ու պատերազմի պայմաններում:

Գոնե հիմա արդեն պարզ չէ՞ ամեն ինչ… Պարզ չէ՞, թե ոստիկանությունից և ոստիկանությունից ինչ պետք է սպասել և ինչ ակնկալություններ կամ պատրանքներ չպետք է ունենալ, պարզ չէ՞, թե Հայաստանում ովքեր են ոստիկանները (որոշ բացառությամբ), և իրենից ինչ է ներկայացնում ոստիկանությունը…

Ոստիկանները պարգևատրվել են նաև հարևան Ադրբեջանում, բայց հիմա տեսնենք, թե ինչի համար: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական կայքում զետեղված է Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2021թ. հուլիսի 2-ի կարգադրությունը` բռնազավթումից ազատագրված տարածքներում զինվորական ծառայության անցնող Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի զինծառայողների ամսական պաշտոնական աշխատավարձերին Ադրբեջանի Հանրապետության նախագահի հավելավճար սահմանելու մասին:

Ալիևի կարգադրությունից տեղեկանում ենք, որ վերոնշյալ հավելավճարը 2021թ. հուլիսի 1-ից սահմանվել է ներքին զորքերի զինծառայողների սոցիալական պաշտպանությունն ամրապնդելու նպատակով: Կարգադրության 2.1. կետից տեղեկանում ենք, որ «Ադրբեջանի Հանրապետության Նախագահի հավելավճարը վճարում է Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը 5 (հինգ) տարի ժամկետով, զինծառայողների ամսական պաշտոնական աշխատավարձի 50 տոկոսի ծավալով»:

Կարծում եմ, արդեն պարզ է, թե ոստիկանությունն այստեղ ինչ նպատակի ծառայեցվեց ու ծառայեց, այնտեղ` ինչ… Որ երկրի ղեկավարը, ղեկավարությունն ու ոստիկանությունը ծառայեց իր պետության ու ժողովրդի շահերին, որը` ոչ կամ, ավելի ճիշտ, հակառակը: Այսօրվա ոստիկանության հետ կապված պատրանքներ չունենաք…

 

Արթուր Հովհաննիսյան