Բաքվի բռնապետը վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը․ «ՀՀ»

Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախի Հանրապետության շուրջ կայունություն ձևավորելու համար անհրաժեշտ են մի քանի գործոններ, որոնցից առաջնայինը փոխվստահության մթնոլորտի՝ գոնե նվազագույն մակարդակի ապահովումն է:

Տարածաշրջանային համագործակցության և հաղորդակցության ուղիների մասին անընդհատ բարձրաձայնող Ադրբեջանը, թվում էր, պետք է այդ ուղղությամբ գոնե ձևական քայլեր աներ, բայց վերջինիս գործողությունները տրամագծորեն հակառակի մասին են խոսում:

Նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի առաջնորդը լծվել է սեփական PR-ի կազմակերպման գործին, որի ժամանակ անընդհատ հնչեցնում է «երկաթե բռունցքի» իր հայտնի արտահայտությունը, վիրավորական խոսքեր ուղղում հայերի հասցեին՝ փորձելով անընդհատ շեշտել «հաղթած պետության» սեփական թեզը: Ինքնամոռացությամբ լծվելով սեփական գովազդին՝ Ալիևը չի էլ նկատում, որ ավելի է խորացնում առանց այդ էլ տասնամյակներ շարունակ ադրբեջանցու մեջ ներարկած հայատյացությունը: «Հաղթած» լինելու և հայերի նկատմամբ «առավելություն» ունենալու կեղծ թեզերն իրենց ազդեցությունն են ունենում ոչ միայն Ադրբեջանի ներսում, այլև նրա սահմաններից դուրս, որի նեգատիվ դրսևորումներն իրենց սպասեցնել չեն տալիս:

Հետևաբար, Ալիևի պարբերական հայտարարությունները թյուրիմացության մեջ են գցում հենց ադրբեջանցուն: Եթե այդ ատելությունը դուրս է հորդում Ադրբեջանի սահմաններից և պարբերաբար բախվում պարտություն չտեսած հային, ապա այն անխուսափելիորեն բերելու է ոչ համարժեք պատասխանների՝ վտանգավոր և անկանխատեսելի հետևանքներ ունենալով ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում: Եթե նման իրավիճակ է տիրում Ադրբեջանի սահմաններից դուրս, ապա պարզ է, որ որևէ փոխվստահության մթնոլորտ չի կարող ձևավորվել Արցախի Հանրապետության շուրջ կամ Հայաստան-Ադրբեջան սահմանին և Բաքվի կողմից այդքան ցանկալի բացվելիք ենթակառուցվածքների երկայնքով: Այս երևույթը գործնականում անհնար է դարձնում համագործակցությունը տարածաշրջանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։