Շիրակցիներին նոր հանդիպում խոստացան, Երևան-Գյումրի մայրուղին բացվեց

Մի քանի ժամ Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը փակ պահելուց հետո Շիրակի մարզի բնակիչները երեկոյան բացեցին ճանապարհը` տրված խոստումների ու ոստիկանների հորդորներից հետո։

Ինչպես Շիրակի մարզից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, գյուղացիներին խոստացել են, որ վաղը կամ մյուս օրը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն անձամբ կայցելի Շիրակի մարզ:

Ինչպես արդեն հայտնել ենք, Շիրակի մարզի Ազատան և Բենիամին գյուղերի բնակիչներն այսօր ցերեկը կրկին փակել էին ավտոճանապարհը` պահանջելով լուծել իրենց ոռոգման ջրի խնդիրը ու փոխհատուցել կրած վնասը։

Հիշեցնենք, որ մարզի մի քանի գյուղերի բնակիչներ հունիսի 29-ին նույն պահանջով կրկին փակել էին ճանապարհը, որը բացվել էր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ու «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության պատասխանատուների հետ հանդիպումից հետո. նրանք խոստացել էին խնդրին շուտափույթ լուծում տալ։