Հայ ռազմագերիներին ստիպում են կեղծ ցուցմունքներ տալ. «Հենակետն» ամփոփել է շաբաթը

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է անվտանգության մասին՝ անցնող շաբաթ մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերը:

Սյունիքի և Գեղարքունիքի սահմանների շուրջ ծավալվող զարգացումների մասին

Շաբաթվա սկզբնամասում, մասնավորապես, հունիսի 27-ին ադրբեջանական պաշտպանական գերատեսչության կողմից տեղեկատվություն է տարածվում այն մասին, թե իբր Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում հայկական ԶՈւ կողմից ադրբեջանական դիրքերը մի քանի ժամ շարունակ գնդակոծելվել են։ Նույն օրը, երեկոյան թշնամու պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածում, պնդելով, թե հունիսի 27-ի երեկոյան հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, այս անգամ՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։

Այդ կապակցությամբ, ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, հայտնելով, որ ՀՀ զինված ուժերն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել և երկու դեպքերի վերաբերյալ լուրերն ապատեղեկատվություն են։

Նույն ժամանակահատվածում, արդեն ՀՀ հարավում, ադրբեջանական զինծառայողները ՀՀ տարածքի մեջ հրազենով սպառնացել են Տեղ գյուղի բնակիչներին և թույլ չեն տվել հավաքել հնձած խոտը: Միջադեպը տեղի է ունեցել Անդրուն քարեր կոչվող վայրում, որը գտնվում է Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման կետում: Գյուղացիները կարողացել են խոտը հավաքել միայն այն բանից հետո, երբ դեպքի վայր են գնացել ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի ղեկավար կազմը, Տեղի ինքնակառավարման մարմինների ղեկավարները:

Թեմային անդրադարձել են բազմաթիվ փորձագետներ, իսկ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը կրկին պնդել է իր այն առաջարկը, որ ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից ՀՀ բնակչության պաշտպանությունը կազմակերպելու համար բացարձակ հրատապությամբ անհրաժեշտ է անվտանգության գոտու առկայություն։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գնահատմամբ՝ հակամարտության սրացում չի նկատվում։

«Ստիպված չենք խոսել այն մասին, որ հիմա իրավիճակն ինչ-որ կերպ սրվում է։ Չի վատանում՝ սա արդեն լավ է, արդեն արդյունք է։ Առջևում շատ աշխատանք կա հենց սահմանի, այդ վիճելի հարցի լուծման ուղղությամբ, բայց դրանք պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է Զասը։

Զասը վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ը մշտապես հետևում է Հայաստանի հարավում տիրող իրավիճակին։ Նա հավելել է, որ կազմակերպությունը անհրաժեշտ տեղեկատվություն է ստանում բազմաթիվ աղբյուրներից, ներառյալ հայկական կողմը և ռուս խաղաղապահները։

 Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Հունիսի 28-ին անհետ կորած զինվորների հարազատները հանդիպել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ և հանդիպման ժամանակ պահանջել են ստեղծել հանձնաժողով։ Փաշինյանը տվել է իր համաձայնությունը։ Հանձնաժողովը զբաղվելու է գերիների, անհետ կորած զինվորների հարցերով։

Բաքվում հունիսի 29-ին, միանգամից երկու դատական նիստ է մեկնարկել՝ հայ ռազմագերիների գործով, որոնցով գերեվարված մեր տղաներին Ադրբեջանում առաջադրվել են շինծու մեղադրանքներ՝ «ահաբեկչություն և դիվերսիա» կատարելու համար:

Մի դատական նիստով անցնում են 14 հայ ռազմագերի, մյուս գործով՝ անցնում է 13 հայ ռազմագերի։ Ադրբեջանական լրատվամիջոցների նյութերից անգամ փաստվում է, որ հայ ռազմագերիներին ստիպում են կեղծ ցուցմունքներ տալ։

Արդեն երեկ, ադրբեջանական դատարանը 2 հայ ռազմագերու դատապարտել է 4 տարվա, իսկ 12 ռազմագերու՝ 6 ամսվա, ազատազրկման

Ի սկզբանե նրանց մեղադրանքներ են առաջադրվել «ահաբեկչություն և դիվերսիա», «զենք պահելը», «սահմանի ապօրինի հատումը» և այլ հոդվածներով։ 

Այլ թեմաներ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այս հունիսի 23-ի որոշումից տեղեկանում ենք, որ պաշտոնական Երևանն ու Մոսկվան բանակցություններ են սկսել Հայաստանում ռուսական ռազմակայանի ընդլայանման շուրջ, և այդ նպատակով Ռուսաստանի մայրաքաղաք է մեկնել ներկայացուցչական պատվիրակություն՝ բաղկացած Հայաստանի պաշտպանության, արտաքին գործերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Զինված ուժերի Գլխավոր շտաբի, հայ-ռուսական միացյալ խմբավորման, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի բարձրաստիճան ներկայացուցիչներից։

Ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստը Մոսկվայում մեկնարկել է հունիսի 28-ից։ 

ՊՆ անցուդարձի մասին

ՊՆ Կենտրոնական բնակարանային հանձնաժողովը տարածել է հայտարարություն կապված բնակարանային հաշվառման ընդգրկված երկարամյա ծառայության զինթոշակառուների վերաբերյալ։ ՊՆ-ն հրապարակել է, թե ինչ առաջնահերթությամբ բնակարաններ կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կտրամադրվեն կենսաթոշակի անցած զինվորականներին։

Շաբաթվա ընթացքում ՊՆ տարբեր զորամիավորումներում և զորամասերում կազմակերպվել են ժամկետային զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողությունններ, անցկացվել են մասնագիտական, մարտավարական պարապմունքներ, կրակային պարապմուքներ, տեղի են ունեցել ամփոփիչ ստուգումներ, ամփոփիչ քննություններ։

Ընդհանուր առմամբ, անվտանգության ոլորտի վերաբերյալ լրատվական հոսքերում ամենաքննարկվող թեման՝ ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված հարցերի վերաբերյալ հրապարակումներն են։