Հուլիսի 1-ից կոմպակտ դասի 100 նոր ավտոբուսներով կսպասարկվի 9 երթուղի

Վաղվանից՝ հուլիսի 1-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կսկսի իր աշխատանքը հ. 97 երթուղին (այն կփոխարինի ավտոբուսային հ. 37 երթուղուն)՝ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Նոր երթուղու սպասարկումը կիրականացվի 12 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծով.

ԷՐԵԲՈՒՆՈԻ ԶԱՆԳՎԱԾ -ՆՈՐ ՆՈՐՔԻ 1-ԻՆ ԶԱՆԳՎԱԾ

Էրեբունու զ/ծ (ս.կ.) – Տիտոգրադյան – Այվազովսկու – Էրեբունու փ-ներ – Արցախի – Տ. Մեծի պ-ներ – Հանրապետության հրապարակ – Ամիրյան փ. – Մաշտոցի – Մարշալ Բաղրամյան պ-ներ – Կասյան փ. – Կոմիտասի պ. – Դ.Անհաղթի – Ռուբինյանց փ-ներ – Գայի պ. – Լվովյան փ. – Նոր Նորքի 1-ին զ/ծ (վ.կ.):

Հետադարձը` նույն ուղեգծով:

Քաղաքապետարանից հիշեցնում են, որ կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում է 8 երթուղի (հհ. 26, 38, 99, 74, 24, 47, 22, 46): Այսպիսով, համայնքային բյուջեի միջոցներով գնված 100 կոմպակտ դասի նոր ավտոբուսներն ամբողջությամբ շահագործվում են՝ սպասարկելով երևանյան 9 երթուղի:

Ուղևարձը պետք է վճարել նստելիս: Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոց մանր։ Շուտով կգործարկվի նաև էլեկտրոնային վճարման համակարգ:

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։