Խաղաղապահները Մարտունիում ապահովում են բնակիչների անվտանգությունը ցորենի բերքահավաքի ժամանակ

Ռուս խաղաղապահները Արցախի Մարտունու շրջանում ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը հացահատիկային մշակաբույսեր հավաքելիս: Այդ մասին տեղեկատվություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:

«Մենք ապահովում ենք գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը Մարտունու շրջանի Մարտունի բնակավայրի մոտ, այն է՝ շփման գծի մոտ ցորենի բերքահավաքը»,- ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Մարտունու շրջանի գյուղատնտեսության առաջատար ճյուղերից գերակշռում են խաղողագործությունը, անասնապահությունը և հացահատիկային տնտեսությունը, որոնք աշխատանք են ապահովում տեղի բնակչության համար:

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել խաղաղապահներին Մարտունու շրջանի տարածքում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար»,- հայտնել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Մասիս Զաքարյանը:

Ըստ ՌԴ ՊՆ-ի, բացի այդ, տեղի բնակիչները ստեղծում են հակահրդեհային ճանապարհներ և հանքայնացված շերտեր՝ խոտի բռնկումը կանխելու, դաշտերն ու բնակավայրերը հրդեհներից պաշտպանելու համար:

«Ռուս սակրավորները դեռ սերմնացանի մեկնարկից առաջ բնակիչների դաշտերում իրականացրել են պայթուցիկ նյութերի և չպայթած զինամթերքի առկայության ստուգումներ»,- ասված է հաղորդագրության մեջ: