Ֆրանսիան հույս ունի, որ ընտրությունները Հայաստանին հնարավորություն կտան դիմակայել իր առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներին․ ԱԳՆ

Ֆրանսիան ողջունում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ ըստ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, այս ընտրություններում հաղթել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը»։

Ֆրանսիան ի գիտություն է ընդունել  ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունները՝ ընտրությունների դրական անցկացման վերաբերյալ:

«Ֆրանսիան հույս ունի, որ այս ընտրությունները Հայաստանին հնարավորություն կտան դիմակայել իր առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներին: Վերահաստատում է վճռականությունը՝  ուղեկցել նրան այս ուղղությամբ, ինչպես նաև հայտնում է իր վճռական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը»,-ասվում է հայտարարության մեջ: