Իրանում ահաբեկիչների երեք խումբ են վնասազերծել

Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) զինծառայողներն «ահաբեկիչների և հակահեղափոխականների երեք խումբ» են մերկացրել և վնասազերծել Իրանի հյուսիս-արևմուտքում: Այդ մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Մոհամադ Փաքփուրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

«Անցած ուրբաթ օրը կայացած նախագահական ընտրություններից առաջ ընկած ժամանակամիջոցում թշնամին փորձել է իրականացնել հատուկ պլաններ և կատարել ահաբեկչական գործողություններ, բայց հանդիպել է ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի խիստ հակազդեցությանը,- հունիսի 22-ին մեջբեում է Փաքփուրի խոսքը Fars գործակալությունը:- Ահաբեկիչների և հակահեղափոխականների երկու խումբ է վնասազերծվել Արեւմտյան Ադրբեջանի Օշնավիե և Քրդստանի Բանե քաղաքներում»:

Գեներալի խոսքով՝ահաբեկիչների ևս մեկ խումբ ներթափանցել էր Քրդստանի նահանգի Սարվաբադ քաղաք և նույնպես վնասազերծված է: