«Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում». զոհված զինվորի՝ հրթիռակոծության դադարներին գրված հուշերը․ Tert.am (տեսանյութ)

Հետմահու լույս է տեսել Արցախի հողը պաշտպանելիս զոհված 19-ամյա Շանթ Նավոյանի «Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում» գիրքը, որի բովանդակության մի մասը երիտասարդը գրել է հենց պատերազմի օրերին, հրթիռակոծությունների արանքում գտած խաղաղ րոպեների ընթացքում:

Մինչև զոհվելու օրը նրբազգաց և տպավորվող Շանթն իր նոթատետրում արձակ ոճով նկարագրել է պատերազմի ընթացքը, թե ինչ է կատարվել բոլորովին վերջերս հասուն կյանք ոտք դրած մարտական ընկերների ու իր հետ: Գրառումները գտել են միայն տղայի զոհվելուց հետո, գրպանում:

Tert.am-ի հետ զրույցում Շանթի մայրն ասաց, որ այս նախաձեռնությունն առաջին հերթին իրենց որդուն ապրեցնելու, նրա կյանքը նման կերպ շարունակելու համար է. «Շանթը գրառում էր արել. «Դեռ չգրված գրքից» վերտառությամբ, դա երևի իր այն երազանքներից էր, որ մենք պարտավոր էինք իրականություն դարձնել»,- նշել է Էլեն Նավոյանը:

Մայրն ասում է՝ որդու այս գիրքն անգին է, բայց ովքեր, ինչքան ցանկանում են, կարող են վճարել և այդպիսով նպաստել Շանթի անվամբ բացված հիմնադրամին, որ կարողանան ֆինանսավորել և կրթաթոշակ տրամադրել իրենց որդու նման խոստումնալի երիտասարդներին:

Մանրամասները` Tert.am-ի տեսանյութում