Յուրաքանչյուր դեպքով կատարվում է գնահատում. փոխոստիկանապետը՝ քարոզարշավի ժամանակ Փաշինյանին մեծ ուժերով ուղեկցելու մասին

Ոստիկանությունը պահպանում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև մյուս թեկնածուների անվտանգությունը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը` պատասխանելով դիտարկմանը, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին վարչական ռեսուրս է կիրառվում, մասնավորապես, ոստիկանական հսկայական ուժեր են ուղեկցում Նիկոլ Փաշինյանին:

«Ոստիկանությունը կատարում է իր ծառայությունը, իր աշխատանքը։ Յուրաքանչյուր դեպքով նախնական գնահատում է իրականացվում` հասարակական անվտանգության հետ կապված։ Ի դեպ, դուք նշեցիք կոնկրետ մեկ անձի հետ կապված, բայց մենք ստացել ենք այլ ուժերից ևս նման դիմումներ և պատշաճ ձևով իրականացնում ենք ուղեկցումն ու անվտանգությունը»։

Թե թեկնածուին քանի ոստիկան ու քանի ավտոմեքենա է ուղեկցում, ըստ Ֆիդանյանի, որոշվում է անվտանգության գնահատման արդյունքում. «Եթե առկա են որոշակի խնդիրներ, կամ հասարակական անվտանգության հետ կապված հարցեր, ապա համապատասխան ուժերով իրականացվում է անվտանգության ապահովումը»:

Հիշեցնենք, որ հունիսի 7-18-ը Հայաստանում նախընտրական քարոզարշավ է։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։