Բաքվում հրապարակվել է ԼՂ-ում գերեվարված Վիգեն Էուլջեքջյանի վճիռը

Բաքվի Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում հունիսի 14-ին հրապարակվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից գերեվարված և այդ երկրի կողմից «ահաբեկչության» (չակերտները՝ խմբ.) համար մեղադրվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի վճիռը:

Ինչպես հայտնում է minval.az-ը, Էուլջեքջյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:

Հայտնի է, որ նախորդ դատական նիստերից մեկի ընթացքում իր խոսքում դատախազը ռազմագերու համար պահանջել էր 20 տարվա ազատազրկում:

Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանին մեղադրանք էր առաջադրվել երեք հոդվածով՝ «որպես վարձկան՝ զինված հակամարտությանը մասնակցելու», «ահաբեկչության» և «սահմանն ապօրինի հատելու» համար:

Հիշեցնենք, որ Վիգենը գերեվարվել էր Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում, և ՀՀ և Արցախի զինված ուժերի հետ որևէ կապ չունի։ Նա իր ընկերուհու՝ Մարալ Նաջարյանի հետ Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո Հայաստան ապահով ու խաղաղ կյանքի հետևից էր եկել. բայց Վիգեն Էուլջեքյանի հետ անհետացան Գորիս – Ստեփանակերտ ճանապարհին՝ խաղաղության հաստատումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին: