«Ֆեյսբուքը» երկու տարով արգելափակել է Թրամփի օգտահաշիվը

«Ֆեյսբուքը» ընկերությունը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվն արգելափակվել է 2 տարով: Այդ մասին հայտնում է «Գազետա ռու»-ն:

«Հաշվի առնելով այն հանգամանքների լրջությունը, որոնք հանգեցրել են օգտահաշվի արգելափակմանը, մենք կարծում ենք՝ նրա գործողությունները լրջորեն խախտել են մեր քաղաքականությունը, ինչը ենթադրում է լուրջ պատիժ։ Մենք Դոնալդ Թրամփի օգտահաշիվն արգելափակում ենք երկու տարով՝ սկսած այս տարվա հունվարի 7-ից»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Ընկերությունը նաև նշել է, որ եթե փորձագետները հասարակական անվտանգության համար լուրջ սպառնալիք տեսնեն, ապա երկու տարի անց արգելափակումը կարող է երկարաձգվել։

Ավելի վաղ Թրամփն իր հաշիվների արգելափակումը խայտառակություն էր անվանել Միացյալ Նահանգների համար: Սահմանափակումները տարածվում են նաև Թրամփի YouTube հաշվի վրա, նրան արգելվում է այնտեղ նոր տեսանյութեր տեղադրել:

Մինչ այդ Twitch-ը, Twitter-ը տարբեր ժամանակահատվածով արգելափակել էին նախկին նախագահի հաշիվները՝ 2021 թվականի հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ կատարած գրառումների պատճառով: